Ինչու՞ Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել խաղաղության համաձայնագիրը
Երևանը խաղաղության պայմանագիրը ստորագրելու հարցում Բաքվի կողմից քաղաքական կամք չի տեսնում։ Այսօր Վարշավայում անվտանգության ֆորումի շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ Միրզոյանը նշել է, որ վերջին 2-3 տարիներին մեծ աշխատանք է կատարվել՝ չնայած մարտահրավերներին, էսկալացիային, Հայաստանի տարածքների վրա հարձակումներին։ Շեշտել է՝ հայկական կողմը մշտապես կառուցողական է եղել բանակցություններում։
Ներկա իրավիճակում, ըստ Միրզոյանի, կա լավ և վատ լուր․ լավ լուրն այն է, որ հայկական կողմը կարողացել է հաջողություններ գրանցել ադրբեջանական կողմի հետ։ Այս համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնավորաբար ընդգծել է երկու երկրների միջև ստորագրված առաջին, երբևէ օրինական փաստաթուղթը՝ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը։
Ըստ Միրզոյանի՝ վատ լուրն այն է, որ հիմա մի իրավիճակ է, երբ կա գրեթե ամբողջությամբ համաձայնեցված համաձայնագրի նախագիծ, բայց այն չի ստորագրվում։
«Ադրբեջանական կողմը հակված չէ ստորագրել խաղաղության համաձայնագիրն ինչ-որ պատճառներով, նրանք ամեն անգամ նոր նախապայմաններով են հանդես գալիս, մենք տեսնում ենք, որ նրանք պարզապես չեն ցանկանում ստորագրել փաստաթուղթը»,- նշում է Միրզոյանը։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, թե համաձայնագրի ոչ բոլոր կետերն են համաձայնեցված՝ ԱԳ նախարարն ասել է՝ աշխարհում չկա երկու երկրների միջև ստորագրված մի համաձայնագիր, որը կարգավորի նրանց հարաբերությունների բոլոր բաղադրիչները։
«Մենք կարող ենք այս շատ լուրջ փաստաթուղթը ստորագրել և շարունակել բանակցել մնացյալ հարցերի շուրջ»,- ասել է նա։
Միրզոյանը հույս է հայտնել, որ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ը կարող է նպաստել խաղաղության գործընթացին։ Հիշեցրել է, որ Հայաստանը սատարել է Ադրբեջանին՝ այս գագաթնաժողովը հյուրընկալելու համար։
«Ես հավատում եմ, որ կա իրական հնարավորություն փակելու մեր տարածաշրջանում հակամարտության էջը, առնվազն՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, բացել խաղաղության, համագործակցության դարաշրջան»,- ասել է Միրզոյանը։
Անդրադառնալով հայ ժողովրդի շրջանում առկա մտահոգություններին՝ կապված անվտանգության հետ և նրան, թե ինչպես կարող կառավարությունը փարատել դրանք՝ Միրզոյանն ասել է, որ ինքը՝ որպես ԱԳ նախարար, չի կարող դա անել, որովհետև ինքն էլ չունի այդ վստահությունը։ Ադրբեջանը շարունակում է հայտարարությունները, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ, որը ներառում է Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքը։
«Նրանք հավաստիացնում են, որ սա տարածքային պահանջ չէ, բայց, ցավոք, տպավորությունը լրիվ հակառակն է»,- նշել է Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանը` Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունների մասին
Հայաստանը չի կարող խրախուսել կամ ողջունել որևէ էսկալացիա։ Այսօր Վարշավայում անվտանգության ֆորումի շրջանակում անցկացված պ...
Բաքվում ավարտվել է Արցախի ղեկավարների գործով նախաքննությունը. ինչ է նրանց սպասվում
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ադրբեջանի գլխավո...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն անդրադարձել է հայ–ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակին
Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը պետք է ամրապնդվի այն մարտահրավերների հաղթահարմամբ, որոնք կանգնած են երկու եր...
Լավրովը՝ Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին
Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...