Հնարավոր է Իրանն ուժային պատասխան տա․ ԱՄՆ-ում մտահոգված են․ CNN

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն անհանգստացած է Իսրայելի կողմից լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրուլլայի ոչնչացմանը Իրանի հնարավոր ուժային պատասխանով եւ աշխատում է հրեական պետության իշխանությունների հետ համատեղ պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ, հաղորդում է CNN հեռուստաալիքը:


Ավելի վաղ «Հըզբոլլահ» շարժումը հաստատել էր իր գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մահը Բեյրութի հարավային արվարձանին իսրայելական ավիահարվածի հետևանքով:


«Բայդենի վարչակազմը մտավախություն ունի, որ Իրանը հարձակում է ծրագրում Իսրայելի կողմից «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրուլլայի ոչնչացման լույսի ներքո, եւ Իսրայելի հետ աշխատում է պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ», - ասվում է նյութում՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյայի:


Հեռուստաալիքի աղբյուրը հրաժարվել է նշել, թե հատկապես ինչ գրոհներ են ակնկալում ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի կողմից, սակայն նշել է, որ նրանք մասնակցում են համատեղ պաշտպանական գործողությունների նախապատրաստմանը, ինչի համար ամերիկյան որոշ ռազմական ստորաբաժանումներ նույնպես վերախմբավորում են իրականացնում:


Իսրայելի բանակի գլխավոր շտաբը սեպտեմբերի 23-ին Լիբանանում սկսված հարձակողական գործողությանը տվել է «Հյուսիսի նետեր» անվանումը: Անցած շաբաթվանից Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի տարբեր շրջաններում զանգվածային հարվածներ են իրականացնում լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման օբյեկտների ուղղությամբ: Արձանագրվել են նաև Բեյրութի ուղղությամբ մի քանի կետային ավիահարվածներ, որոնց արդյունքում ոչնչացվել են «Հըզբոլլահ»- ի բարձրաստիճան հրամանատարները, ինչպես նաև շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան: Այս պահի դրությամբ Իսրայելի բանակը զեկուցել է«Հըզբոլլահ»-ի մի քանի հազար թիրախների ուղղությամբ հարվածների մասին։ Դիտորդները նշում են, որ նման ինտենսիվությամբ Իսրայելը չի հարձակվել «Հըզբոլլահ» վրա 2006 թվականի լիբանանյան երկրորդ պատերազմից ի վեր: