Հայկական կողմը պատրաստ է․ Կոստանյանի հարցազրույցը՝ թուրքական ԶԼՄ-ին
Հայկական կողմն ուրախ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայով, սակայն կարծում է, որ շատ ավելին կարելի է անել այդ ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը թուրքական Anadolu լրատվական գործակալությանը:
Լրատվական գործակալությունը նշում է, որ Կոստանյանի այս դիրքորոշումը հաջորդում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Նյու Յորքում կայացած հանդիպմանը:
«Մենք ուրախ ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայով, բայց մենք հավատում ենք, որ շատ ավելին կարելի է անել՝ հատկապես, երբ խոսքը հարաբերությունների լիարժեք կարգավորման, սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է»,–ասել է Վահան Կոստանյանը:
Կոստանյանը Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը գնահատել է բավականին դրական քայլ՝ նկատելով, որ երկու երկրների ղեկավարները միմյանց դիրքորոշումները հասկանալու պատրաստակամություն են ցուցաբերել: ԱԳ փոխնախարարը հիշեցրել է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության մասին, որը ձեռք էր բերվել 2022 թվականի հուլիսին Վիեննայում:
«Մենք ևս մեկ անգամ վերահաստատել ենք, որ հայկական կողմը պատրաստ է: Մենք կատարել ենք անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքային և տեխնիկական նախապատրաստական աշխատանքները, և մենք պատրաստ ենք անցնել պայմանավորվածության իրականացմանը»,- ասել է հայ փոխնախարարը:
Ըստ Andolu-ի՝ Կոստանյանը լավատեսություն է հայտնել ապագա համագործակցության վերաբերյալ, մասնավորապես Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հարցում: Նրա կարծիքով՝ դա տնտեսական օգուտներ կբերի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլ նաև ավելի լայն տարածաշրջանին։
«Մենք գիտենք, որ լոգիստիկ շղթաներից շատերը ներկայումս արգելափակված են կամ պատշաճ չեն գործում, և Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար՝ դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա, դեպի Չինաստան»,- ասել է նա՝հավելելով, որ շատ ավելին կարելի է անել, և դա կարելի է անել ավելի արագ:
Նա կրկնել է հայկական կողմի ուղերձը, որը փորձում են հասցնել թուրք տարբեր գործընկերներն. «Գործելու ժամանակը հիմա է: Մենք չպետք է ժամանակ կորցնենք»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում իրականացրած թալանն՝ արբանյակային պատկերներով
Արցախի մայրաքաղաքում արբանյակային լուսանկարները հարյուրավոր միջադեպեր են արձանագրել, որոնք ցույց են տալիս Ստեփանակերտ քա...
Մինասյանից հետո հրաժարական է տվել ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի հրաժարականից ժամեր անց ազատման դիմում է գրել նաեւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական...
Արդարադատության նախարարը հրաժարական է տվել
ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը սոցցանցի իր էջում գրում է․«Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ս...
Դրանք ընդամենն իրականության խեղաթյուրումներ են․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ իշխանությունները լիովին երաշխավորում են իր տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տե...