ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեր Եսային` պաշտոնյաներին հրավիրելու մասին
Հայ առաքելական սուրբ եկեղեցին Մայր տաճարի Մյուռոնօրհնեքին հրավիրել է պետական այրերին, ինչը կապ չունի ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջելու հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 28-ին Մյուռոնօրհնեքի օրն է, իսկ սեպտեմբերի 29-ին` վերաօծումը` Սուրբ սեղանի օրհնման և Սուրբ պատարագի արարողությունները։ Սեպտեմբերի 27-ին էլ տեղի է ունեցել Մայր տաճարի Նավակատիքը` դռնբացեքը, նաև օծվել են եկեղեցու սյուները։
Հարցին` արդյոք եկեղեցին հաշտության ձեռք է մեկնում ՀՀ իշխանությանը, տեր Եսային ընգծեց` եկեղեցին միշտ եղել է պետականության ամրապնդման ամենակարևոր գրավականներից։
«Եկեղեցին միշտ էլ հաշտության կողմնակից է ու հաշտության ապահովողը։ Պետական այրերին հրավիրելը բնավ կապ չունի հրաժարականը պահանջելու հետ»,– նշեց Տեր Եսային։
Նշենք, որ Մյուռոնօրհնեքին մասնակցելու համար Մայր աթոռ են եկել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր կնոջ` երգչուհի Սիրուշոյի հետ, Գեղամ Մանուկյանը, քաղաքական գործիչ Արամ Գասպարի Սարգսյանը, ՀՀ—ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ինչպես նաև գործարար և բարերար Նուբար Աֆեյանը, գործարար Սամվել Կարապետյանը և այլք։
Անդրադառնալով Մայր տաճարում Մյուռոնօրհնության և Վերաօծման արարողություններին Բագրատ սրբազանի չմասնակցելու հանգամանքին` տեր Եսային նկատեց` իր որոշելիքն է։ Նա ընդգծեց, որ առիթ չի ունեցել խոսել այդ մասին Բագրատ սրբազանի հետ, չնայած` որպես հոգևորական վերջինս ազատ է ներկա գտնվելու եկեղեցու ցանկացած արարողության։