ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրկիզել է 3 մեքենա և ինքնախոստովանական ցուցմունք տվել
Սեպտեմբերի 24-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունում ստացված ահազանգը հրդեհի մասին էր։ Մայրաքաղաքի Վրացական փողոցում ավտոմեքենա էր այրվում։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ահազանգն անմիջապես փոխանցվեց Հրշեջ փրկարարական ջոկատներին, նաև` ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Արդեն ժամը 1.17-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 45-ամյա կինը հայտնեց, որ րոպեներ առաջ անհայտ անձը հրկիզել է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր «Հյունդային» և կողքի «Օպել» ու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները։
Քիչ անց Արաբկիրի ոստիկանները դեպքի վայրում էին։ Ըստ տուժողի` իրեն պատճառվել էր 6 միլիոն դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերը փոխանցվեցին քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արագ արդյունք տվին։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 14.28-ին, գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով, մայրաքաղքաքի Ադոնցի փողոցում ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց 23-ամյա մի երիտասարդ։ Կասկածյալը խոստովանեց, որ հրկիզողն ինքն է։
Նախաքննությունը շարունակվում է։