Ինչու Փաշինյանի դեմ վարույթ չի հարուցվել․ նախկին գլխավոր դատախազը մանրամասնում է
Հանցագործության մեջ որեւէ մեկին մեղադրելու համար քրեադատավարական ընթացակարգ է պետք, դրա համար պետք են օրենքով նախատեսված ապացույցներ, հիմքեր. Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու համար ապացույցներ չկային: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երբ ինքը դատախազ էր, շատերը պահանջում էին քրեական վարույթ նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի դեմ, սակայն դա տեղի չունեցավ, իսկ հիմա ինքը պահանջում է վարչապետի հրաժարականը:
«Չկա մի դեպք, չկա մի իրավիճակ, երբ առկա են եղել նախաքննական, հետաքննական մարմինների կողմից ձեռք բերված բավարար փաստական տվյալներ եւ դատախազությունը քրեական հետապնդման հարց չի լուծել: Ընդ որում, ես սա ասում եմ ցանկացածի վերաբերյալ, առանց բացառության»,-ասաց նա:
Հարցին՝ ինքը շարունակում է պնդել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական դա, Դավթյանը պատասխանեց. ««Ես իմ փաստարկները բերել եմ իմ պահանջի մեջ, եւ այդ փաստարկները այս պահի դրությամբ չեն անցել»:
Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի շարժման ակցիաներին իր մասնակցությանը, նախկին գլխավոր դատախազն ասաց. «Ես այն ժամանակ էլ իմ խոսքում նշել եմ, որ չեմ ընդգծում առաջնորդություն այս պահին: Ինձ համար ամենակարեւորը եղել է ազգային գաղափարների շուրջ համախմբումը: Ես միակ ելքը մեր երկրում առկա խնդիրների տեսնում եմ ազգային ուժերի միավորումը»:
Արթուր Դավթյանը նաեւ անընդունելի համարեց սահմանազատման հանձնաժողովների, դրանց կանոնակարգը ՍԴ-ում հաստատելու գործընթացը: