Սա վերաբերում է ՀՀ Սահմանադրության հետ կապված հարցերին․ Բաքվից հայտարարություններ են արել
Հայաստանը գրեթե երեք տասնամյակ ռազմական օկուպացիայի տակ է պահել Ադրբեջանի տարածքները և այդ հողերում վանդալիզմի գործողություններ է իրականացրել, սակայն միջազգային հանրությունը պատրաստում և իրականացնում է այսպես կոչված «Մարշալի պլաններն» այդ երկրի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Հենց Ադրբեջանն է բախվել Հայաստանի կողմից ռազմական ագրեսիային։ Ռազմական գործողություններն իրականացվել են Ադրբեջանի տարածքում, այլ ոչ թե հակառակը։ Հայաստանի տարածքում ընդհանրապես որևէ մարտական գործողություն և ավերածություններ չեն եղել», - ասել է նա։
Նրա խոսքվ՝ երրորդ երկրները, մասնավորապես Ֆրանսիան, Հայաստանի ռազմականացման ճանապարհով շարունակում են Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածության օջախներ բորբոքելու փորձերը:
Ադրբեջանի նախագահի օգնականը հավելել է, որ Ադրբեջանն իր հերթին շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության օրակարգին:
«Որպեսզի տարածաշրջանում լիովին տիրի վստահության մթնոլորտը, պետք է գործի դրվի Հայաստանի ռազմականացման հարցում վերիֆիկացման որոշակի մեխանիզմ: Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Այն պետությունները, որոնք զինում են Հայաստանին, մի երկիր, որը տասնամյակներ շարունակ օկուպացիայի տակ է պահել օտար տարածքները, պետք է հասկանան, որ պատասխանատվություն են կրում հնարավոր հետևանքների համար», - ասաց նա։
Հաջիևի խոսքով՝ հայկական կողմն ինքը պետք է որոշի, թե ինչ մակարդակով կներկայացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին (COP29):
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հրավեր է ուղարկել կլիմայի փոփոխության կոնվենցիայի բոլոր անդամներին՝ մասնակցելու COP29- ին:
«Դա Ադրբեջանի պարտավորությունն է՝ որպես տվյալ միջոցառումն ընդունող երկրի։ Հրավերներ են ուղարկվել բոլոր մասնակից երկրներին։ Բնականաբար, որոշում պետք է կայացնեն բոլոր մասնակից պետությունները, այդ թվում նաև Հայաստանը»,-ասել է Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ «Հայաստանը պետք է սահմանադրորեն ամրագրի Ղարաբաղին միանալու իր ուտոպիական նկրտումներից հրաժարվելը»։
Հաջիևը նշել է, որ դրանից հետո բանակցային գործընթացը կարող է ավելի արագ առաջ ընթանալ:
«Խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ վերջին առաջարկները Հայաստանը վերջերս ուղարկել է ադրբեջանական կողմին՝ դրանք ստանալուց ավելի քան 70 օր անց։ Դա շատ երկար ժամկետ է։ Եթե Հայաստանը լուրջ է վերաբերվում խաղաղության պայմանագրի առաջմղմանը և շահագրգռված է այդ հարցում, ապա 70 օրվա ընթացքում պատասխան ուղարկելն ինքնին հարցեր է առաջացնում»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի հոդվածների մեծ մասի վերաբերյալ կողմերը որոշակի պայմանավորվածություններ ունեն, սակայն դեռևս զգալի աշխատանք կա անելու:
«Սա առաջին հերթին վերաբերում է Հայաստանի Սահմանադրության հետ կապված հարցերին։ Դրանում պետք է դադարեցվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալը մեզ մտահոգող հարց է։ Խաղաղության պայմանագրերը սովորաբար ստորագրվում են ոչ միայն որևէ կառավարության, այլև ժողովրդի հետ: Մեր ակնկալիքներն այն են, որ խաղաղ համաձայնության հասնելու համար Հայաստանի Սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխությունները կիրականացվեն հանրաքվեի միջոցով»,- նշել են ադրբեջանական կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել...
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը
Կրեմլը կտրականապես համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի գնահատականում, կազմակերպությունից Հայաստանի ինքնիշ...
ՀՀ կառավարությունից՝ ռուս հաքերների՝ Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին
Համապատասխան կառույցները ստուգում ռուս հաքերների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման տեղեկատվության...
Ռուս հաքերները հարձակվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա․ «Ազատություն»
Ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխ...