Նիկոլ Փաշինյանին հրավեր եղե՞լ է․ մանրամասնում են Մայր Աթոռից

ՀՀ իշխանությունները դեռևս սպառիչ պատասխան չեն տվել Էջմիածնի Մայր տաճարի օծման արարողությանը մասնակցելու վերաբերյալ: Այդ մասին այսօր Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մայր տաճարի վերաօծման, մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման համակարգող հանձնախմբի ատենապետ, Մայր աթոռի դիվանապետ գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։


Նրա խոսքով՝ գրասենյակը հրավերներ է ուղարկել Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը:


«Դա ամենակարևոր հարցը չէ, սակայն հրավերներ ուղարկվել են նրանց. նվիրագործման արարողությանը իշխանություններին հրավիրելու հարցը Էջմիածնում քննարկվել է ամենաբարձր մակարդակով։ Միայն ԱԺ նախագահի կողմից է եղել սպառիչ պատասխան, որ չի մասնակցելու»,– ասաց նա:


Արքեպիսկոպոսը նշեց, որ տարակուսանք եղել է` հրավիրե՞լ, թե՞ ոչ իշխանության ներկայացուցիչներին` եկեղեցու և նրանց հարաբերությունների ներկա վիճակով պայմանավորված։ Մայր տաճարում ամենաբարձր մակարդակով` Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում, այս հարցով տեղի է ունեցել քննարկում, որի արդյունքում որոշվել է հրավիրել ՀՀ իշխանություններին։


«Ինչպե՞ս համատեղել եկեղեցու դիրքորոշումները` իշխանություններին հրաժարական տալու կոչերը, և միաժամանակ հրավերներ ուղղել նրանց. ես կարծում եմ` այս հարցերը պետք է հստակ տարանջատվեն։ Միջոցառումներին, համազգային արարողություններին իշխանություններին հրավիրելը բացարձակապես չպետք է մեկնաբանել այնպես, որ իբր եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից և ամբողջական լոյալություն է դրսևորում այն քաղաքական գծի նկատմամբ, որը որդեգրել են ՀՀ իշխանությունները»,– ասաց Արշակ արքեպիսկոպոսը։


Նրա խոսքով՝ եկեղեցին շարունակելու է իր դիրքորոշումներն ու մտահոգություններն արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրանց անհրաժեշտությունը կլինի։


Մայր Տաճարում լրագրողների հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն էլ ճշտող հարցին՝ Նիկոլ Փաշինյանին հրավեր եղե՞լ է, պատասխանեց, որ այդ մասով հավելյալ ծանուցում կլինի։

Քաղաքականություն