Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Մարիա Զախարովայի հայտարարությանը
Որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալը, բայց դրա պատճառները հայտնի են, ու ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Նույնը կարող եմ ասել նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված. ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է ինչ-որ ստորագրություն հետ կանչի նոյեմբերի 9-ի հայտարարությունից: Ադրբեջանն ու ՌԴ -ն ՀՀ-ին պատասխանելու բան ունեն՝ 1-8-րդ կետերի վերաբերյալ, իսկ ՀՀ-ին իր պարտավորությունները 9-րդ կետի վերաբերյալ կատարել է: Այդ փաստաթուղթը և 9-րդ կետի իրական մեկնաբանությունը կարող եք գտնել ՌԴ նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրի մեջ»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ-ն չի պատրաստվում հրաժարվել նոյեմբերի 9-ի փաստաթղթից:
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որով նշվում էր, թե ՀՀ-ի շահերից չի բխում չվերադառնալ ՀԱՊԿ-ին, Սիմոնյանն ասաց. «Մարիա Զախարովային պատասխանելը անշնորհակալ գործ է: Կարծում եմ, որ ՀՀ-ի հետ սպառնալիքների լեզվով խոսելը շատ սխալ տրամաբանություն է: Մենք ՀԱՊԿ-ում եղել ենք ու ականատես ենք եղել այլ երկրի միջոցով ՀՀ-ի վրա հարձակման: ՀՀ-ում հակառուսական արշավ չի եղել։ Մի վերացական օրինակ բերեմ․ եթե ես հարձակվեմ ձեզ վրա, ու դուք ինձ դիմադրեք, դա կլինի «հակաալենյան» արշա՞վ»: