Ադրբեջանը արգելվել է ԵԽԽՎ մի քանի տասնյակ պատգամավորի մուտքը երկիր

Ադրբեջանը COP29 կլիմայական գագաթնաժողովին ընդառաջ արգելել է ԵԽԽՎ մի քանի տասնյակ պատգամավորի մուտքը երկիր: Բաքուն բացատրել է՝ այդ պատգամավորները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կողմ են քվեարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները սահմանափակելու օգտին։


Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ եվրոպական 26 երկրի 76 քաղաքական գործիչ կզրկվի երկիր մուտք գործելու իրավունքից։ Որոշումն ընդունվել է հունվարին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) տեղի ունեցած քվեարկությունից հետո, որի արդյունքում 2024 թ. Ադրբեջանը զրկվել է ձայնի իրավունքից: ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեն հայտարարել է, որ Ադրբեջանը չի կատարել ԵԽԽՎ-ի առջև ստանձնած պարտավորությունները, Բաքուն նաև քննադատության է ենթարկվել 2023 թվականի աշնանը ակտիվիստներին և լրագրողներին ձերբակալելու համար։


Շվաբեն Գերմանիայի պատվիրակության կազմում հայտ է ներկայացրել COP29-ին մասնակցելու համար, սակայն նրան տեղեկացրել են, որ ԵԽԽՎ-ում բանաձևին կողմ քվեարկած բոլոր պատգամավորների նման ինքն էլ Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ»։


ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության նախագահ Մարկուս Վիհելը Blankspot-ին ասել է, որ զարմացած չէ Ադրբեջանի որոշումից։


«Սա միանգամայն սպասելի էր և անխուսափելի։ Ես վաղուց եմ քննադատում Ադրբեջանի բռնապետությունը և նրա գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ուրախ եմ, որ բոլոր ներկա շվեդները կողմ են քվեարկել, և բացարձակապես չեմ զղջում դրա համար»,- ասել է Վիհելը։


Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ ԵԽԽՎ պատգամավորների մուտքն արգելված կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կառույցում ամբողջությամբ չեն վերականգնվել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: