ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոստովում բռնկված հրդեհի մակերեսը հասել է 10 հազար քառակուսի մետրի
Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքում բռնկված հրդեհի մակերեսը, որտեղ օգոստոսի 18-ին խոցված Ուկրաինական ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով այրվել է արդյունաբերական պահեստներում դիզելային վառելիքը, կազմում է 10 հազար քառակուսի մետր: Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Պրոլետարսկի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գորնիչը։
«Հրդեհի մակերեսը 10 հազար քառակուսի մետր է, այրվում են դիզվառելիքով տարաներ, պայթյունի վտանգ չկա, մարդկանց hամար նույնպես վտանգ չկա, տարհանում չի սպասվում», — ասել է Գորնիչը:
Հրշեջների խմբավորումն ավելացել է մինչեւ 520 մարդ։
«Հրդեհը մարելու համար այսօր պատրաստվում է ավիացիա, կմարենք ինքնաթիռներով` Դոնի Ռոստովից 4 Իլ-76, դրանք կլիցքավորվեն, շրջագծով կթռչեն եւ կմարեն, քանի որ կրակը շատ մեծ է, հրշեջ մեքենաները չեն կարողանում մոտենալ»,-նշել է շրջանի վարչակազմի ղեկավարը:
Շրջկենտրոնում այժմ արտակարգ դրություն է։ Նախօրեին հիվանդանոց է դիմել 41 հրշեջ, որոնք մասնակցել են հրդեհաշիջմանը, հայտնել է մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը: Նրա խոսքով՝ հոսպիտալացվել է 18 տուժած, հինգը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։