Երևանում անչափահասների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Այսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղրամյան պողոտա 70 շենքի բակում դանակահարություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում գտնվող զրուցարանի տարածքում հայտնաբերել են արնանման հետքեր, թղթախաղի քարտեր։
Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ որովայնի ձախ կեսի և գլխի հատվածում դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Տ. Օ.-ն է, ում նշված հիվանդանոցում առաջին անհրաժեշ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը գիտեն ենթադրյալ դանակահարություն կատարող կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտել են՝ ինչն է եղել դանակահարության պատճառը։