Ինչ առավելություններ կտա Վրաստանից Հայաստան ձգվող նոր կառուցվող ճանապարհը Հայաստանին

Վրաստանն սկսում է Հայաստանը եվրոպական մայրուղու հետ կապող նոր ճանապարհի շինարարությունը: Վրաստանի կառավարությունը նախաձեռնել է ենթակառուցվածքային լայնածավալ նախագիծ՝ Ռուսթավի-Սադախլո չորս երթևեկելի գոտիով նոր մայրուղու կառուցումը, որը Հայաստանը կկապի միջազգային E60 մայրուղուն։


Նշվում է, որ էկոնոմիկայի նախարարությունն արդեն հրահանգել է այդ նպատակների համար Մառնեուլիի շրջանում սեփականատերերից օտարել հողատարածքներ։


Նախագիծը, որը գնահատվում է 250 մլն եվրո, ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը՝ որպես Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհի զարգացման վարկային համաձայնագրի մաս։ Մոտ 30 կիլոմետր երկարությամբ նոր երթուղին կանցկացվի գործող ճանապարհին զուգահեռ և կներառի 11 կամուրջ:


Այս շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի համար։ Նոր ճանապարհը Հայաստանին կտրամադրի.


1. ուղիղ միացում միջազգային արագընթաց E60 մայրուղու հետ,

2. եվրոպական Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու նախագծի մաս անուղղակիորեն դառնալու հնարավորություն,

3. հոծ տրանսպորտային միջանցք Վրաստանի տարածքով:


Երկու երկրների համար այս նախագծի կարևորությունը դեռևս 2021 թվականին ընդգծել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն՝ դա անվանելով բեկումնային թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի համար։

Պատահարներ