ԱՄՆ ֆոնդային շուկան կտրուկ անկում է գրանցել
Այսօր սակարկությունների սկզբում Dow Jones ինդեքսն իջել է մոտ 2,8%-ով, որին հաջորդում են ԱՄՆ այլ հայտնի ինդեքսները, մասնավորապես, S&P 500-ը (-4,1%) և Nasdaq-ը (-5,7%): Սակայն ճապոնական Nikkei ինդեքսի արդյունքների համեմատ, որն այսօր իջել է ավելի քան 12%-ով, ամերիկյան ֆոնդային շուկան դեռ դիմանում է։
Կտրուկ անկման պատճառ է դարձել ԱՄՆ աշխատաշուկայի վերաբերյալ անսպասելի հոռետեսական զեկույցը, որը հրապարակվել է շաբաթավերջից անմիջապես առաջ, գրում է Bild-ը։ Պարբերականը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ում արդյունաբերության անկման վերաբերյալ և կանխատեսել է համաշխարհային տնտեսական աճի զգալի դանդաղում:
Բացի դրանից, շուկայի մասնակիցների համոզմամբ՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը տոկոսադրույքները նվազեցնելու հարմար պահը բաց է թողել և կարող է դա անել չափազանց ուշ: Այսպես կոչված վախի Vix բարոմետրը, որը չափում է տրամադրություններն Ուոլ Սթրիթում, այժմ գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա՝ սկսած 2020 թվականից՝ կորոնավիրուսի բռնկումից ի վեր:
Այսօր Եվրոպայում ևս արժեթղթերի գները նվազել են։ Գերմանիայի առաջատար Dax ինդեքսը կորցրել է մոտ երեք տոկոս, մինչդեռ եվրոգոտու ամենահայտնի ինդեքսը՝ EuroStoxx 50-ը, համարժեք կորուստներ է գրանցել: