Շարժայից Երևան ժամանած քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել է 22 տոպրակ ադամանդանման քարերով

ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։


ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկան և հսկողության բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության է ենթարկվել Շարժա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի և վերջինիս ուղեբեռը:


«Մաքսային զննման արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել է 22 պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարեր և 2 «GIA» մակնշմամբ սերտիֆիկատ: Ադամանդանման քարերի ընդհանուր քաշը կազմել է 244 գրամ։


ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն՝ խնդրո առարկա ադամանդանման թափանցիկ քարերը մշակված բնական ադամանդներ լինելու պարագայում, դրանց արժեքը հնարավոր է գերազանցի 8,000,000 (ութ միլիոն) ՀՀ դրամը։


«Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում և մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերից միայն 29 հատի մաքսային արժեքը գերազանցել է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը:


Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցվել է Քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ։




Պատահարներ