Ջո Բայդենը հրաժարվել է հրաժարական տալ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հրաժարվելով երկրորդ ժամկետով վերընտրվելու իր փորձից, հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար: Նա համապատասխան հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցի իր էջում:
«Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներն ենք, չկա մի բան, որը մենք չկարողանանք անել, եթե դա անենք միասին: Պարզապես պետք է հիշել, թե ով ենք մենք։ Ես իմ նախագահությունը նվիրել եմ դա ապացուցելուն, և կշարունակեմ դա անել այսօր, վաղը և ամեն օր, քանի դեռ ես պատիվ ունեմ ծառայելու որպես ձեր նախագահ», - ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:
Այն բանից հետո, երբ Բայդենը դուրս եկավ նախագահական մրցապայքարից, Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը պետության ղեկավարին կոչ արեց հրաժարական տալ։
«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- գրել է Ջոնսոնը սոցիալական ցանցի իր X էջում:
Այն, որ Բայդենը որոշել է հանել իր թեկնածությունն ընտրություններից, հայտնի դարձավ անցած կիրակի։ Նա ասել է, որ ծրագրում է դիմել ժողովրդին այս շաբաթվա վերջին՝ «բացատրելու իր որոշումը»: Բայդենը հավանություն է տվել փոխնախագահ Քամալա Հարիսին որպես իր իրավահաջորդ։ Նոր թեկնածուի մասին որոշումը պետք է կայացնի Դեմոկրատական կուսակցության համագումարը, որը կկայանա մի քանի շաբաթից։
81-ամյա Բայդենը՝ Ամերիկայի նախագահներից ամենատարեցը, հայտնվել էր ուժեղ ճնշման տակ Դոնալդ Թրամփի հետ աղետալի բանավեճից հետո, որին հաջորդեցին հրապարակային ելույթներում նոր սայթաքումներ. հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է Վլադիմիր Պուտին, իսկ 5 օր անց BET-ին տված հարցազրույցի ժամանակ նա չի կարողացել հիշել պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի անունը՝ նրան անվանելով «սևամորթ»:
Եվ չնայած Բայդենի վարկանիշն աղետալի անկում չի ապրել (ըստ NYT/Sienna-ի հարցման՝ հուլիսի սկզբին նա ուներ 43%՝ Թրամփի 49%-ի դիմաց), ավելի քան 20 կոնգրեսականներ, այդ թվում՝ Սենատի մեծամասնության դեմոկրատ ղեկավար Չակ Շումերը, հրապարակավ կոչ են արել, որ նա հանի իր թեկնածությունը, իսկ Դեմոկրատական կուսակցության դոնորները սկսել են հետ կանչել նվիրատվությունները:
Ըստ The New York Times-ի՝ Դեմոկրատական կուսակցության նախագահական արշավին հատկացված 90 միլիոն դոլարը սառեցվել է դոնորների կողմից այնքան ժամանակ, մինչև Բայդենը դուրս գա ընտրապայքարից, և կուսակցությունը գտնի նրան փոխարինողին։ Future Forward կոմիտեն, որը միջոցներ է հավաքում Բայդենի նախընտրական քարոզարշավի համար, կարողացել է մինչև հուլիսի կեսերը ծրագրված 700 միլիոն դոլարի փոխարեն գտնել ընդամենը 430 միլիոն դոլար:
Բայդենի դուրս գալը նախագահական ընտրապայքարից, որը տեղի ունեցավ ընտրություններից ընդամենը չորս ամիս առաջ, առաջին նման դեպքն է 1968 թվականից ի վեր, երբ դեմոկրատ նախագահ Լինդոն Ջոնսոնը հանեց իր թեկնածությունը ձախողված քարոզարշավի պատճառով։ Նրա փոխարեն առաջադրված փոխնախագահ Հյուբերթ Համֆրին պարտվել էր Ռիչարդ Նիքսոնին։