ՔԿ-ն կստուգի Սերգեյ Բագրատյանի կնոջ` ավազի արդյունահանման բիզնեսը
Քննչական կոմիտեն կստուգի՝ արդյոք Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի արդյունահանման բիզնեսը
«Հետք» ինտերնետային պարբերականը (hetq.am) հուլիսի 16-ին հանդես է եկել «Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը» վերտառությամբ հրապարակմամբ, որտեղ, փաստական տվյալները ներկայացվել են միակողմանի՝ անհարկի շահարկելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի անունը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:
«Ափսոսանք ենք հայտնում առ այն, որ «Հետքը», լինելով արժեքավոր և պրոֆեսիոնալ լրատվամիջոց, նախքան հրապարակումը չի դիմել ՀՀ քննչական կոմիտեին՝ ունեցած տեղեկատվությունը թարմացնելու, պարզաբանման ենթակա հարցերի պատասխաններն ստանալու համար, ինչից կարող էր ավելի շահել հրապարակումը, իսկ ընթերցողները կարող էին տեղեկատվության համակողմանիության հիման վրա կատարել ավելի ամբողջական հետևություններ։
Ելնելով վերոգրյալից և այն հանգամանքից, որ բազմաթիվ լրատվամիջոցներ, կրկին առանց ՀՀ քննչական կոմիտեից մեկնաբանություն ստանալու նախաձեռնության, իրենց հարթակներում նույնությամբ վերահրապարակել են նշված հոդվածը, ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում պարզաբանելու հետևյալը.
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի, 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 381-րդ հոդվածի 1-ին մասի, 383-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները ինչպես «Ա…» ՍՊԸ-ի կողմից հնարավոր ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հողը փչացնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը հաշվարկելու և վերականգնելու, այնպես էլ՝ ՍՊԸ-ի կողմից ավազի հնարավոր ապօրինի արդյունահանումը, ընդերքօգտագործումը կանխելու ուղղությամբ։