Ջո Բայդենի արձագանքը Թրամփի դեմ մահափորձին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անդրադարձել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի թեմային ազգին ուղղված հատուկ ուղերձով:
Պարբերականը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է քաղաքականությունը «մարտի դաշտ» դարձնելու անթույլատրելիության մասին:
Բայդենը օվալաձև կաբինետից ելույթի ժամանակ հայտարարել է, որ քաղաքական կրքերը «ժամանակն է, որ հանդարտվեն», իսկ բռնությունը չպետք է նորմ դառնա ԱՄՆ-ում:
Երկրի ղեկավարը նշել է, որ քաղաքական կրքերը երկրում նոյեմբերյան ընտրություններին մոտենալուն զուգընթաց «թեժացել են»:
Նախագահի հանրապետական թեկնածուի դեմ մահափորձը տեղի է ունեցել շաբաթ օրը նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Քաղաքական գործիչը ականջի շրջանում վնասվածք է ստացել, թիկնապահները նրան հեռացրել են միջոցառումից։ Թրամփի խոսքով՝ նա շատ արյուն է կորցրել։ Նախկին նախագահին արդեն դուրս են գրել հիվանդանոցից բուժզննումից հետո։
Հարձակվողը հասցրել է մի քանի կրակոց արձակել բեմի ուղղությամբ, որից հետո նրան վերացրել են։ Կասկածյալը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է Փենսիլվանիայից։
Նա թաքնվել է արդյունաբերական շենքի տանիքում՝ բեմից մոտ հարյուր մետր հեռավորության վրա՝ այն տարածքից դուրս, որտեղ անցկացվում էր միջոցառումը։ Միջադեպի հետևանքով զոհվել է նաև նախընտրական հանրահավաքի հանդիսատես, ևս երկու մարդ ծանր վիրավորվել է: