Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել մահափորձի վերաբերյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ իր դեմ մահափորձից հետո հանդես է եկել հայտարարությամբ: Նրա տեքստը մեջբերում Է CNN-ը։
Թրամփը շնորհակալություն է հայտնել գաղտնի ծառայությանը և իրավապահ մարմիններին՝ կրակոցներին օպերատիվ արձագանքելու համար: Նա հայտնել է, որ իր վրա արձակված գնդակը դիպել է իր աջ ականջի վերին հատվածին։
«Ամենակարեւորն այն է, որ ես ուզում եմ ցավակցություն հայտնել հանրահավաքի ժամանակ սպանված մարդու ընտանիքին, ինչպես նաեւ մեկ այլ մարդու ընտանիքին, որը ծանր վիրավորվել է։ Անհավատալի է, որ նման արարքը կարող է տեղի ունենալ մեր երկրում։ Այս պահին ոչինչ հայտնի չէ հրաձիգի մասին, որն այժմ մահացած է», — հավելել Է Թրամփը։
Նախկին նախագահը պատմել է, որ միանգամից հասկացել է, որ «ինչ-որ բան այն չէ», քանի որ լսել է սուլոց, կրակոցներ և անմիջապես զգացել է, թե ինչպես է գնդակը խոցել մաշկը: «Շատ արյունահոսություն կար, ուստի ես հասկացա, թե ինչ է կատարվում», — ավելացրեց նա:
Թրամփի վրա կրակել են հուլիսի 13-ին Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ, երբ նա ելույթ էր ունենում հավաքվածների առջև: Դրանից հետո քաղաքական գործչին տեղափոխել են հիվանդանոց, հայտնել է նրա մամուլի քարտուղար Սթիվեն Չունգը։ Նա հավաստիացրել է, որ նախկին նախագահի հետ ամեն ինչ կարգին է։
Պետության գործող ղեկավար Ջո Բայդենը դատապարտել Է Թրամփի դեմ մահափորձը, սակայն հայտարարել է, որ բավարար փաստեր չունի կատարվածը մահափորձ անվանելու համար: Հրաձգությունը դատապարտել են նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Սենատում հանրապետականների և դեմոկրատների առաջնորդներ Միթչ Մաքքոնելը և Չակ Շումերը և այլ քաղաքական գործիչներ:
Ինչպես Associated Press-ին և ԱԲԿ-ին հայտնել են իրավապահ մարմիններում, Թրամփի վրա կրակոցները որակել են որպես սպանության փորձ:
Թրամփի վրա կրակած անձը գտնվել է հանրահավաքի անցկացման վայրից դուրս գտնվող շենքի տանիքում: Հեռուստաալիքի մի քանի զրուցակիցներ և The New York Post թերթը նրան անվանել են «դիպուկահար»։ Պարբերականի աղբյուրները նաև հայտնել են, որ կրակը արձակվել է հարյուրավոր մետր հեռավորության վրա՝ անվտանգության պարագծից դուրս։
Բաթլեր շրջանի շրջանային դատախազը հայտնել է, որ հրաձիգը շենքում է եղել, և որ նման հեռավորությունից կրակելու համար նրան հրացան է պետք, քանի որ հեռավորությունը հարյուրավոր մետր է եղել: