Աշխարհն արձագանքում է Թրամփի դեմ կատարված մահափորձին
Աշխարհի ղեկավարները դատապարտել են ԱՄՆ նախկին նախագահ, նոյեմբերին կայանալիք ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։
Euronews-ը գրում է. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը: «Ուրախ եմ լսել, որ նա ապահով է և իրեն լավ է զգում: Ես աղոթում եմ նրա և նրա ընտանիքի համար։ Ջիլը և ես երախտապարտ ենք Գաղտնի ծառայությանը նրան փրկելու համար: Ամերիկայում նման բռնության համար տեղ չկա։ Մեր ազգը պետք է միավորվի սա դատապարտելու համար»,- իր ուղերձում ասել է Բայդենը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում Թրամփի դեմ մահափորձը որակել է «սարսափելի հանցագործություն, որը միայն կարելի է դատապարտել»։
«Ես վստահ եմ, որ Ամերիկան արժանապատվորեն կհաղթահարի այս մարտահրավերը։ Մաղթում եմ պարոն Թրամփին շուտափույթ ապաքինում, ուժ և աջակցություն բոլոր տուժածներին», - ասել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԱՄՆ-ում խթանում են ատելության սերմանումը քաղաքական հակառակորդների նկատմամբ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջիններից էր, որն արձագանքել է՝ ասելով, որ ինքը և կինը «ցնցված են» նախագահ Թրամփի վրա հարձակումից և աղոթում են նրա անվտանգության և շուտափույթ ապաքինման համար։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ իր մտքերն ու աղոթքները «նախագահ Թրամփի» հետ են այս ծանր պահին։
«Իմ մտքերը նախագահ Դոնալդ Թրամփի հետ են, ոը մահափորձի է ենթարկվել: Ողբերգություն՝ մեր ժողովրդավարական երկրների համար: Ֆրանսիան կիսում է ամերիկացի ժողովրդի ցնցումն ու վրդովմունքը», - գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում:
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որի դեմ վերջերս մահափորձ էր կատարվել, միջադեպի համար մեղադրել է Թրամփի քաղաքական հակառակորդներին:
«Դա նույն սցենարի կրկնություն է: Թրամփի քաղաքական հակառակորդները փորձում են փակել նրան: Երբ նրանք ձախողում են, նրանք հրահրում են հանրությանը, մինչև ինչ-որ խեղճ տղա զենք վերցնի», - գրել է նա:
Թրամփի դեմ մահափորձը, ի թիվս այլոց, դատապարտել են նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն:
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը «աջակցություն է հայտնել Թրամփին»։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը «հրաշք» է անվանել այն, որ Դոնալդ Թրամփը ողջ է մնացել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը։ Նա հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել ԱՄՆ-ին՝ որպես իր դաշնակցի:
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի գրասենյակը կատարվածն անվանել է «հարձակում ժողովրդավարության վրա»: