ՀՀ-ն պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը․ Ռուբինյան
Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը և սեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր։ ԲՐԻԿՍ–ի 10–րդ խորհրդարանական համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշել է, որ արդեն սահմանազատվել է հայ–ադրբեջանական սահմանի մոտ 12 կմ հատվածը, և երկու կողմերի սահմանապահ ծառայությունները տեղակայվել են սահմանի համապատասխան հատվածներում:
«Հայաստանը միջազգայնորեն ճանաչված իր տարածքից դուրս հավակնություններ չունի և պատրաստ է կառուցողական ու ինտենսիվ աշխատանք տանել սահմանազատման գործընթացը շարունակելու և կարճ ժամանակում խաղաղության պայմանագիր կնքելու և ստորագրելու ուղղությամբ»,– հայտարարել է Ռուբինյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է միջազգային տարանցիկ երթուղիների մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ճանապարհով: ԱԺ փոխխոսնակի խոսքով` կասկած չկա, որ Հարավային Կովկասում խոշոր ենթակառուցվածքային նախագծերը կարող են միավորող գործոն դառնալ տարածաշրջանի երկրների համար և ոչ միայն:
«Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների վերականգնումը և բացումը պետք է հանգեցնի տնտեսական հարաբերությունների համակարգի կայուն տարածաշրջանային մոդելի ձևավորման»,– ասել է Ռուբինյանը:
Նա նշել է, որ խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացման հեռանկարի շրջանակում ՀՀ կառավարությունը մշակել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման նախագիծ է՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։
«Միավորելով բոլոր կողմերի շահերը՝ մենք պատմական հնարավորություն կունենանք նախադրյալներ ստեղծելու տարածաշրջանի համագործակցության, փոխկախվածության և բարգավաճման համար»,– ընդգծել է ԱԺ փոխնախագահը։
Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը կողմ է քաղաքական երկխոսության առողջացմանը և միջազգային հարաբերություններում կայունության բարձրացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանը բոլոր շահագրգիռ գործընկերների միջև իրավահավասար և կառուցողական համագործակցության կողմնակից է։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան մեկնաբանել է Մոսկվայում և Երևանում դեսպանների փոփոխության մասին լուրերը
Մոսկվան գոհ է Ռուսաստանում Հայաստանի ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հ...
Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման
Բաքվի դատարանը արցախցի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Ն...
Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը
Ադրբեջանում մեկնարկել է օկուպացված Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի գործով դատական նիստը, հայտնում են տեղի լրատվամիջոցները...
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։ Այս մասին հայտնում են «Ազատության»-ից: Հերթապահող...