ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ բյուջեի գումարները դրել ենք տիղմի տակ. Փաշինյանը դժգոհեց ճանապարհների որակից

Սուբվենցիոն գումարներով իրականացված ոչ բոլոր ծրագրերն են արդյունավետ եղել ։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին խնդրեց ներկայացնել ծախսված գումարների ծավալը։


Նախարարը նշեց, որ 2021, 2022, 2023 թվականների սուբվենցիոն ծրագրերով (որոնց համար հատկացված լրացուցիչ գումարները հաստատվեցին հենց այս նիստի ընթացքում) աշխատանքներն արդեն կամ ընթացքին մեջ են կամ ավարտված։


Նրա խոսքով` ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց 2 մլրդ 228 մլն դրամ հատկացումը 8 մարզերի 20 համայնքների 26 սուբվենցիոն ծրագրերի լրացուցիչ ֆինանսավորման համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնուհետև սկսեց մեկ առ մեկ թվարկեց նշված 26 ծրագրերը։

Վարչապետն իրականացված ծրագրերի հետ կապված մի շարք դիտարկումներ արեց` նշելով, որ դրանց մի մասի որակից շատ հաճախ գոհ չի լինում։


«Օրինակ` գնում ենք, զբոսայգու բացում ենք անում` ծաղիկ, թուփ և այլն, վեց ամիս անց ասում ես` գնամ, տեսնեմ` ինչ կա, մտնում ես, տեսնում ես` 2 մետր մոլախոտ է աճած։ Եթե այգի ենք կառուցում, որը մեկ տարի անց, ինչպես Դիլիջանում են ասում, դառնալու է մոլախոտի բռնկութ, ինչի՞ համար ենք դա անում։ Դա մարդկանց համար ենք, չէ՞, անում, հո բացում անելու կամ «Ֆեյսբուքի», «Թվիթերի» կամ «Յութուբի», լուրերի թողարկման համար չենք անում»,– հայտարարեց Փաշինյանը։


Երևանում վարորդները գծանշումների ձեռքը կրակն են ընկել. քաղաքապետարանը այլ բան է ասում


«Գնում ենք, բացումն անում ենք, առաջին անձրևից հետո մտնում ենք այնտեղ, տեսնում ենք` ճանապարհ այնտեղ չկա. ընդհանրապես չի երևում, որ այնտեղ մեկ ամիս առաջ լավ սպիտակ գծերով ճանապարհ կար. տիղմի առաջին շերտից հետո 2–րդ, 3–րդ, 4–րդ շերտերն են նստում, ու վերջ, ճանապարհը չկա»,– նկատեց Փաշինյանը։


Վարչապետի խոսքով` այս ամենը նշանակում է, որ ՀՀ բյուջեի գումարները դրվել են տիղմի տակ ի պահ, որն այլևս ոչ մեկին պետք չէ։ Փաշինյանը զգուշացրեց, որ շուտով այցելելու է այն համայնքներ, որտեղ 3 տարում 26 սուբվենցիոն գումարներով իրականացվել են տարբեր ծրագրեր։