Քաղաքականություն

Գագիկ Խաչատրյանի ընտանիքի դեմ ԱՄՆ–ն քրեական հետապնդումը դադարեցրել է. հայտարարություն

Edita
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի դեմ ԱՄՆ–ն քրեական հետապնդումը դադարեցրել է. հայտարարություն

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի դեմ հարուցված քրեական հետապնդումը ԱՄՆ դատարանը դադարեցրել է։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը։


Փաստաբանական խումբը հրապարակել է այս գործով միջազգային հեղինակավոր «Վինսոն և Էլկինս» իրավաբանական ընկերության, իրենց որակմամբ, բարենպաստ հանգուցալուծման մասին հաղորդագրությունը:


Ըստ այդ հաղորդագրության` արձանագրվել է, որ ԱՄՆ–ում շուրջ 2 տարի տևած հետաքննությունից հետո Խաչատրյանների կողմից որևէ իրավախախտում կատարելու, այդ թվում՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքը անօրինական ճանապարհով ստացված եկամուտներով ձեռք բերելու հանգամանք չի հայտնաբերվել և չի հաստատվել։


«Անշարժ գույքի մասով նաև նշվել է, որ հաշվի առնելով գործընթացի խիստ երկարատևությունը և այդ ընթացքում Խաչատրյանների բիզնես գործունեությանը պատճառվող հսկայական կորուստները` Խաչատրյանների և ԱՄՆ կառավարության միջև այն օտարելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել»,– ասված է հաղորդագրության մեջ:


Փաստաբանական խումբն այս գործով ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի որոշումը և վերջինիս կողմից նախաձեռնված քրեական հետապնդման դադարեցումը Խաչատրյանների նշանակալի հաղթանակն է համարում, որով լուծվում է նրանց իրավական վեճը դեպարտամենտի հետ՝ Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող 2011 թվականից կառուցվող անշարժ գույքի վերաբերյալ:


Նշվում է, որ Խաչատրյանների ընտանիքը 2018 թ. թիրախավորվել է ՀՀ նոր իշխանությունների կողմից: 2022 թ. հունվարին Խաչատրյանները վաճառքի են հանել Հոլմբի Հիլզի հիշյալ անշարժ գույքը՝ այդ մասին տեղեկացնելով կառավարությանը։ Արդեն ապրիլին ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը ստացել է ՀՀ կառավարության հայցապահանջը Հոլմբի Հիլզի անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ:


«Ավելի քան երկու տարի տևած քննության արդյունքում Արդարադատության դեպարտամենտը պաշտոնապես ծանուցել է, որ 2024 թ. հունիսի 11–ին դադարեցնում է հետաքննությունը Խաչատրյանների նկատմամբ: Որոշվել է, որ Հոլմբի Հիլզի անշարժ գույքը կվաճառվի և ստացված հասույթը կբաշխվի կողմերի միջև: Ընդ որում՝ Հոլմբի Հիլզի գույքի վաճառքից ստացված մի մասը կտրամադրվի Խաչատրյաններին, իսկ մյուս մասը` Խաչատրյանների դիմումով կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը՝ ի շահ հայ ժողովրդի»,– ասված է հայտարարության մեջ:


Նշվում է, որ 39,750,000 դոլարով վաճառքի հանված առանձնատունն ունի 3,126 քմ մակերես:


Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով էլ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 25 անձանցից (ներառյալ` որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից) պահանջվում է բռնագանձել 210 անշարժ գույք, 13 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 29 իրավաբանական անձերում, նաև ավելի քան 33 մլրդ դրամ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250