ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է․ Վիքեր

Հայաստանն այսօր դժվարին հարևանության մեջ է գտնվում, մարտահրավերներ կան բոլոր ուղղություններով, այսօր Ազգային ժողովում, մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց ԱՄՆ սենատորը։


Ռոջեր Վիքերը նշեց, թե Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը Հյուսիսային Կորեայի հետ միասին ագրեսիվ մոտեցում ունեն աշխարհի այն հատվածի նկատմամբ, որ փորձում է ազատ շնչել և ժողովրդավարության մաս կազմել։


Ընդգծելով, որ Ռուսաստանը մեծ ներգրավվածություն ունի տարածաշրջանում, Իրանն էլ անմիջապես հարևանությամբ է գտնվում՝ սենատորն ասաց․ - «Նրանք փորձում են տարածաշրջանում ի չիք դարձնել ժողովրդավարությունը և ազատությունները, և Հայաստանն այս հարցում մեծ վճռականություն և հաստատակամություն է հանդես բերում դա թույ չտալու համար»։


Շեշտելով, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը ցանկանում են խաղաղության համաձայնագիր տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուզում են այն ամբողջականացվի և ստորագրվի, սահմանազատումը, սահմանագծումն ավարտվի, ռազմագերիներն ազատ արձակվեն, սահմանները վերաբացվեն, լինի մարդկանց ազատ տեղաշարժ հարևան Թուրքիայից և խթանվի տնտեսությունը՝ ԱՄՆ սենատորը հայտարարեց՝ այս հարցերում մենք ձեր կողքին ենք։


Նա նաև դիմեց Ադրբեջանին՝ հորդորելով հասկանալ ազատության գինն ու արժեքը։


«Ուզում եմ մեր Ադրբեջանի գործընկերներին խոսք հղել և ԵԱՀԿ մյուս անդամներին, զգուշացեք, թե ինչի կարող է բերել միավորումը Պուտինի Ռուսաստանի հետ, զգուշացեք որ ռուսական «մեծ արջը» մեկ անգամ ևս չփորձի գերիշխող դիրք զբաղեցնել նախկին Խորհրդային միության երկրների նկատմամբ», - ասաց Վիքերը։


«Միացյալ Նահանգները ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը»

Միացյալ Նահանգները շահագրգռված է և ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև, Վաշինգտոնն ակտիվ ներգրավված կլինի այդ գործընթացում, իր հերթին, հայտարարեց Սենատի արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը։


«Ազատության» հարցին, թե կոնկրետ ի՞նչ պատճառով է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումը և սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցումը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի մասով որևէ ձգձգում չկա։


«Մենք պատրաստ ենք այն ստորագրել։ Այդ հարցը գտնվում է ադրբեջանական կողմի մոտ, գնդակը գտնվում է այնտեղ», - ասաց ԱԺ խոսնակը։


Իսկ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցման հարցով՝ Սիմոնյանը նշեց, որ գործընթացը շարունակվում է, որևիցե մեկնաբանություն չի կարող հիմա անել։


«Լիահույս ենք, որ գործընթացը հաջողության կհասնի», - պատասխանեց Ալեն Սիմոնյանը։