Թուրքիայում ռադիոկայան է փակվում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի որոշմամբ չեղարկվել է Բաց Ռադիոյի (Açık Radyo) լիցենզիան․ պատճառն ապրիլի 24-ին ռադիոյի եթերում հնչած «Հայոց ցեղասպանություն» եզրույթն է։


Խորհուրդը «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար ռադիոյին տուգանելու և հեռարձակումը կասեցնելու որոշում էր ընդունել, իսկ լիցենզիան չեղարկելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Açık Radyo-ն հեռարձակման կասեցման որոշումը չի կատարել։


9 հոգուց բաղկացած խորհուրդը, որտեղ գերակշռում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները, ռադիոն փակելու որոշում է ընդունել, քանի որ չի դադարեցրել հաղորդման հեռարձակումը, որն, ըստ խորհրդի, խախտել է «հասարակությանը ատելության և թշնամանքի դրդել կամ ատելության զգացում առաջացնել հասարակության մեջ՝ անկախ ռասայից, լեզվից, կրոնից, սեռից, դասակարգից կամ աղանդից» հոդվածը։


1995 թվականից հեռարձակվող ռադիոյի երեսուն տարվա ջանքերը մեկ որոշմամբ հողին են հավասարվեցվում։ Թուրքիայի ավելի ժողովրդավար և լայնախոհ մտավորականությունն անհանգստացած է, բայց զարմացած չէ, քանի որ Բարձրագույն խորհրդի կողմից լռեցնելու նպատակով պատժված ոչ իշխանամետ լրատվամիջոցների ցուցակը երկար է։


Բաց Ռադիոն իր ստեղծման առաջին իսկ օրից պաշտպանել է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, խթանել բազմամշակութային կյանքը, մշակույթների և ինքնությունների միջև հարաբերությունները։ Ռադիոյում արդեն երկար տարիներ է՝ եթերաժամ ունի նաև ԱԿՕՍ շաբաթաթերթը։ Ռադիոն մինչ այսօր 1300-ից ավելի կամավորների ջանքերով ավելի քան 1200 հաղորդում է պատրաստել քաղաքականության, սոցիոլոգիայի, հոգեբանության, մշակույթի, բնապահպանության և շատ այլ ոլորտների վերաբերյալ։


Ռադիոյի անձնակազմն ու տնօրինությունը իրավական բոլոր ուղիներով փորձելու է պաշտպանել իրենց իրավունքները և դեմ դուրս գալ մամուլի ազատության դեմ իրականացվող բռնաճնշմանը։