Բաքուն ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին

Աստանայում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսօր Ադրբեջանն ու Չինաստանը ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հաստատման մասին համատեղ հռչակագիր։


Ադրբեջանական APA գործակալությունը գրում է, որ հռչակագրի վերջին կետում նշվում է, որ Ադրբեջանը ցանկություն է հայտնում անդամակցել ԲՐԻԿՍ-ին, իսկ չինական կողմը ողջունում է պաշտոնական Բաքվի այդ որոշումը։


«Չինական կողմը ողջունում է Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցությունն ամրապնդելու Ադրբեջանի ձգտումը, աջակցում է ՇՀԿ-ում Ադրբեջանի իրավական կարգավիճակի բարձրացմանը: Ադրբեջանական կողմը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկություն է հայտնում, իսկ չինական կողմը ողջունում է Ադրբեջանի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի համագործակցությանը»,- նշվում է համատեղ հռչակագրի 4.5 կետում, որը հրապարակել է APA գործակալությունը։


ԲՐԻԿՍ-ը միջպետական միություն է, որը ստեղծվել է Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի՝ 2009 թվականին։ Մեկ տարի անց, կառույցին միացել է նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Միության անվանումը այդ պետությունների անգլերեն անվանումների առաջին տառերով է կազմվել։ Հետագայում այդ կառույցին միացել են նաև Միացյալ Արաբական էմիրությունները, Իրանը, Եգիպտոսն ու Եթովպիան։


Ի սկզբանե նշվում էր, որ Սաուդյան Արաբիան և Արգենտինան ևս կմիանան կազմակերպությանը, սակայն 2023 թվականի նոյեմբերին Արգենտինայում կայացած ընտրություններից հետո նորընտիր նախագահը հայտարարել էր, որ Արգենտինան չի միանա այդ կառույցին, իսկ Սաուդյան Արաբիան դեռևս պաշտոնապես կազմակերպության անդամ չէ։


Վերջերս հայտնի դարձավ, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցության մտադրություն ունի նաև Թուրքիան։


Քաղաքականություն