Patriot-ները չափազանց թանկ են և ոչ արդյունավետ ռուսական կառավարվող ավիառումբերի դեմ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը Ուկրաինային հուսալի պաշտպանություն չեն տրամադրի ռուսական կառավարվող ավիառումբերից։ Նա կրկին Ուկրաինայի գործընկեր երկրներին խնդրել է հեռահար հրթիռներ տրամադրել։ Այս մասին գրում է Kommersant.ru-ն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ միայն անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի դեմ օգտագործել է ավելի քան 800 կառավարվող ռումբ, և, հետևաբար, Ուկրաինային անհրաժեշտ են ոչնչացման ժամանակակից միջոցներ։ «Patriot–ը չի կարող պայքարել «КАБ»-ի դեմ»,- ասել է Վլադիմիր Զելենսկին Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում:
Վլադիմիր Զելենսկին նաև նշել է, որ Patriot-ները չափազանց թանկ են, և այդ պատճառով Ուկրաինան չի ունենա դրանց համար անհրաժեշտ քանակությամբ հրթիռներ։ «Եթե ես և դուք վերցնենք Patriot հրթիռի արժեքը և Patriot հրթիռների քանակը և վերցնենք «КАБ»-երը, ապա մենք երբեք չենք ունենա ամսական հազարավոր Patriot հրթիռներ: Ես ձեզ անկեղծորեն կասեմ, որ մենք ամսական անգամ հարյուրավոր Patriot հրթիռներ չենք ունենա։ Որովհետև յուրաքանչյուր հրթիռ արժե ավելի քան 3 միլիոն դոլար, և հարցը միայն փողը չէ, քանի որ դրանք պարզապես այդքան շատ չեն արտադրվում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Մայիսին Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան ունի հակաօդային պաշտպանության համակարգերի միայն մեկ քառորդը, որոնք անհրաժեշտ են առաջնագիծը պահելու համար։ Հունիսի սկզբին նա հայտնել էր, որ Ուկրաինան պայմանավորվել է արեւմտյան երկրների հետ հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգերի մատակարարման շուրջ։ Ավելի ուշ վարչապետ Դենիս Շմիգալը պարզաբանել է, որ Ուկրաինան արեւմտյան երկրներից կստանա երեք Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, մի քանի այլ համակարգեր եւ հրթիռներ նրանց համար։