Ուկրաինան պաշտոնական բանակցություններ է սկսում ԵՄ-ին անդամակցության շուրջ
Լյուքսեմբուրգում հունիսի 25-ին կանցկացվի Ուկրաինայի և Եվրամիության միջկառավարական խորհրդաժողովը, որտեղ պաշտոնապես կհայտարարվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Այսօր ԵՄ-ն սկսում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները։ Մենք այս երկու երկրների համար վճռական պահի շեմին ենք։ Միասին մենք կարող ենք ստեղծել մեծ ու հեռանկարային Եվրոպա: Առջևում ճանապարհը հեշտ չի լինի, բայց լի կլինի հսկայական հնարավորություններով», - ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
Ապրիլի վերջին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան կատարել է անդամակցության շուրջ բանակցություններն սկսելու բոլոր նախապայմանները։ Հունիսի սկզբին դա հաստատել է նաև Եվրահանձնաժողովը, սակայն ԵՄ դեսպանների հանդիպմանը Հունգարիայի առարկությունների պատճառով բանակցություններ սկսելու հանձնարարականը չընդունվեց։
Բուդապեշտը հայտարարել է, որ Կիևի արածը բավարար չէ` պաշտպանելու Ուկրաինայում հունգարական փոքրամասնության իրավունքները:
Այս խնդիրը կարողացել են լուծել շրջանակային համաձայնագրում ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ փոխզիջումային ձևակերպման միջոցով։ Կիևին նաև պարտավորեցրել են կանոնավոր կերպով հաշվետվություն ներկայացնել Եվրահանձնաժողովին Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոլորտում բարեփոխումների ընթացքի մասին։
Լրատվամիջոցները գրել են, որ Կիևի և Բրյուսելի համար կարևոր է պաշտոնապես բանակցային գործընթացը սկսել մինչև հուլիսի 1-ը, երբ ԵՄ խորհրդի նախագահությունը Բելգիայից կանցնի Հունգարիային, ինչի պատճառով դժվարություններ կարող են առաջանալ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ճանապարհին։