Դրանով ՀՀ-ն դարձնում ենք օկուպա՞նտ․ հիմարությունն էլ չափ ու սահման պետք է ունենա․ Ալեքսանյան
Մենք պետք է հասկանանք, թե ինչ է անում Ադրբեջանն ու ինչի համար է անում. Մենք այդ խոսակցությունը պետք է ունենանք ինքներս մեզ հետ, որ հասկանանք մեր հետագա գործողությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտրարությանը, թե Ադրբեջանը հիմա մեզնից վրեժ է լուծում վերջին 30 տարում իր հանդեպ մեր արածի համար:
Դիտարկմանը, որ ընդդիմությունը նշում է, որ նման հայտարարությամբ Փաշինյանը լեգիտմացնում է Ադրբեջանի ագրեսիվ քայլերը, Ալեքսանյանն ասաց. «Եթե դա չանենք, չենք հասկանա, թե ինչպես պետք է կառավարենք Ադրբեջանի այն հավակնությունները, որ շատ հաճախ դրսեւորվում է Ադրբեջանի նախագահի կողմից: Սա արձանագրում է, որի հետ պետք է առերեսվել: Սա լեգիտիմության հետ ոչ մի կապ չունի, որովհետեւ լեգիտիմություն կարող է տալ միայն միջազգային իրավունքը: Ուրիշ ոչինչ լեգիտիմություն տալ չի կարող, ոչ վրեժի զգացումը, ոչ այլ մարդկային հոգեբանական ապրումները:
Ինչ վերաբերում է պնդմանը, որ Արցախն իր ինքնորոշման իրավունք է պաշտպանել, այստեղ Հայաստանը կապ չունի, ինչո՞ւ է Փաշինյանը փորձում Հայաստանին դարձնել օկուպանտ, ՔՊ-ական նման պնդումը համարեց ապուշություն ու տխմարություն. «Այսինքն եթե մենք խոսում ենք այն մասին, թե ինչ մոտիվներ ունի Ադրբեջանը, մենք դրանով Հայաստանը դարձնում ենք օկուպա՞նտ: Հիմարությունն էլ չափ ու սահման պետք է ունենա: Այսինքն Ադրբեջանն ասում էր՝ Հայաստանը կապ չունի, այ, որ վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանը վրեժի զգացում ուինի Հայաստանի նկատմամբ, ասեցին՝ վայ, դե ուրեմն Հայաստանը կապ ունի: Սա ասում են մարդիկ, որոնք Սամվել Շահրամանյանի ստորագրած թղթի պաշտպանության ջատագովներն են, որտեղ ՀՀ-ին վերագրվում էր ԼՂ-ում բանակ ունենալը: Ի դեպ, վերջերս Շահրամանյանը մի ուրիշ ծայրահեղ վտանգավոր հայտարարություն է արել՝ ասելով, որ մինչեւ վերջին օրը ՊԲ-ն ենթարկվել է Հայաստանի բանակին: Հենց դա է նշանակում Հայաստանին ներկայացնել որպես այս կամ այն, ոչ թե վարչապետի ասածը»: