«Բնակիչներն անդրդվելի են». մանրմասներ Երևան-Ապարան ճանապարհից
Այսօր վաղ առավոտից Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները փակել են Երևան-Ապարան ճանապարհը։ Բնակիչները բողոքում են Կառավարության ընդունած որոշման դեմ, ըստ որի՝ գյուղից 110 հեկտար հողատարածքը որպես գերակա շահ ճանաչելով՝ վաճառում է, բնակիչներին դրա համար վճարելով 300 դրամ՝ յուրաքանչյուր 1 քմ-ի համար։
Բնակիչները հիշեցնում են՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասել է, որ հարցեր լուծելու համար կարող են ճանապարհներ փակել, իրենք էլ այսօր փակել են, որպեսզի նույն Նիկոլ Փաշինյանն իրենց հարցին լուծում տա։
168.am-ի հետ զրույցում Վարդենուտ գյուղի վարչական ղեկավար Կամո Սահակյանն ասել է, որ մարդիկ իրենց իրավունքներն են պաշտպանում՝ դեմ են Կառավարության ընդունած որոշմանն ու իրենց առաջարկվող գումարի չափին։
«Կառավարությունը մարդկանց սեփական հողը՝ 110 հեկտար, ճանաչել է գերակա շահ, փոխհատուցումը 300 կամ 340 դրամ է տալիս՝ 1 քմ-ի համար, մարդիկ ասում են՝ մենք այդքանով չենք ուզում մեր հողը վաճառել։ Բնակիչների մեջ կան մարդիկ, որ ասում են՝ մեր հողի տերն ենք, անասուն ենք պահում, հողով ենք ապրում՝ չենք տալու, կան մարդիկ, որ ասում են՝ քիչ են տալիս փոխհատուցումը։ Այդ հողերը վերցնում են ու լեռնադահուկային համալիր, ճոպանուղի, ջրամբար ու էկո գյուղ են կառուցելու։ Դե, ասում են, որ այդքանը կառուցեն՝ 1100 աշխատատեղ կբացվի, բայց ի՞նչ իմանանք»,- նշել է Կամո Սահակյանը։
Ըստ լրատվականի զրուցակցի, բնակիչներն անդրդվելի են, ասել են՝ կբողոքեն այնքան, մինչև հարցին կոնկրետ լուծում չտրվի։
«Բնակիչները, բացի այդ հողից, էլի հողեր ունեն, գյուղը մի 500 հեկտարի կարգի հող ունի, դրանից զատ։ Բայց այդ հողերն այնքանով են լավ, որ ոռոգելի են, այսինքն՝ դրանց ոռոգելն ավելի հեշտ էր։ Կառավարությունը գերակա շահ է ճանաչել ամենալավ հողերը»,- եզրափակել է Կամո Սահակյանը։
Նշենք, որ Վարդենուտի բնակիչները մարտին կրկին փակել էին Երևան-Վանաձոր ճանապարհը՝ պահանջելով չեղարկել որոշումը, քանի որ այդ հողերն իրենք մշակում են։ Նրանք նամակ էին հղել նաև Էկոնոմիկայի նախարարին ու Նիկոլ Փաշինյանին, սակայն երկու տեղից էլ որևէ պատասխան չէին ստացել։
Հավելենք, որ Auroranews-ը կապ հաստատեց ՆԳՆ, որտեղից ասացին, որ Երևան-Ապարան ճանապարհը ժամը 10:30-ից երթևեկելի է: