Կոտայքում անհայտ անձինք տնից գողացել են 55 հազար ԱՄՆ դոլար՝ կոտրելով ապակին

Մայիսի 31-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին գրում է Shamshyan.com–ը:


Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Զոհրաբ Պ․-ից, ով հայտնել է, որ տանից գողացել են գումար:


Արդեն տեղում Զոհրաբ Պ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 30-ի ժամը 16։00-ից մինչև մայիսի 31-ը ժամը 08։00-ն իրեն պատկանող Քասախ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող տան եվրոպական արտադրության պատուհանի ապակին կոտրելու միջոցով անհայտ անձինք մուտք են գործել ներս և 2-րդ հարկի ննջասենյակից կատարել են 55 հազար ԱՄՆ դոլար գումարի գողություն:


Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։