Փաշինյանը կրկին խոսել է սահմանազատման մասին. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը Սյունիքում կրկին օրակարգ վերադարձրեց սահմանազատման թեման, որը ետին պլան էր մղվել Տավուշում զիջումների եւ սրբազան շարժման պատճառով։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։


«Փաշինյանը կրկին խոսել է սահմանազատման մասին, չի թաքցրել, որ հաջորդը կարող է Սյունիքի մարզը լինել։ Նշել է, թե այդ որոշումը կայացնելու են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները՝ կանոնակարգի հաստատումից հետո։ Իսկ կանոնակարգի հաստատման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է։ Իշխանական շրջանակներում ցնծություն է տիրում այս լուրից։


Բանն այն է, որ Տավուշից հետո հայտնի չէր, թե որտեղ են հաջորդը «սահմանազատելու»։ Եվ եթե դա արվեր, ասենք, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի հատվածներում, որտեղ մենք ունենք ստանալիք, իսկ դատելով Փաշինյանի՝ ամեն ինչ տալու պատրաստակամությունից, մենք ոչինչ չէինք ստանալու, ուստի չէր բացառվում, որ մարդիկ կրկին փողոց դուրս գային։ Մի նոր զիջումն իրավիճակը կարող էր անկառավարելի դարձնել, կայծից հրդեհ կբորբոքվեր, ուստի ՔՊ-ում ուրախ են, որ արդեն իսկ հանձնված ու բզկտված Սյունիքում է շարունակվելու սահմանազատումը, որտեղ Ադրբեջանը դժվար թե նոր պահանջներ ներկայացնի, ուստի հույս ունեն, որ ամեն ինչ սահուն կընթանա»,- գրել է օրաթերթը։