ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դաշինքի միջուկային զինանոցը բերել պատրաստվածության վիճակի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի երկրները բանակցում են ավելի շատ միջուկային զենք տեղակայելու և դրանք պատրաստվածության վիճակի բերելու շուրջ՝ վկայակոչելով «Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքները», հայտնում է բրիտանական The Telegraph-ը։


«Ես չեմ խորանա օպերատիվ մանրամասների մեջ, թե քանի միջուկային մարտագլխիկ պետք է բերվի պատրաստվածության և որոնք պետք է պահվեն, մենք պետք է խորհրդակցենք այդ հարցերի շուրջ: Դա այն է, ինչ մենք անում ենք», - ասել է նա թերթին:


Գլխավոր քարտուղարը հանդես է եկել ՆԱՏՕ-ի միջուկային ռազմավարության ոլորտում թափանցիկության օգտին՝ նշելով, որ այն պետք է դառնա իր զսպման քաղաքականության հիմնաքարը։


Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ի նպատակն, իհարկե, առանց միջուկային զենքի աշխարհն է, բայց քանի դեռ միջուկային զենք կա, մենք կմնանք միջուկային դաշինք»։ Նա հավելել է, որ «թափանցիկությունն օգնում է այդ հստակ ուղերձը տարածել»: