«Ջիջի» ընկերությունը հայտարարություն է տարածել

«Ջիջի» ընկերությունը հայտարարություն է տարածել. 


«Սիրելի ընկերներ,


Հայկական «ջիջի» ընկերության դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ, որի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և հասարակական գործունեությունն է:


Խաչատուր Գրիգորյանի Հայաստանում զրոյից հիմնադրած «ջիջի» ընկերությունը առաջատար դիրքեր ունի հայկական շուկայում, ինչպես նաև գործունեություն է ծավալել արտասահմանում (ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան)՝ ազգային բրենդը հասցնելով միջազգային մասշտաբների և լայնորեն տարածելով հայկականի ճանաչելիությունը։


«ջիջի»-ն մեր երկրում ապահովել է զբաղվածությամբ հազարավոր մարդկանց մտնելով ՀՀ խոշոր հարկատուների ցանկի մեջ, իսկ Խաչատուրին բոլորը ճանաչում են որպես համեստ ապրելակերպ ունեցող և քրտնաջան աշխատող մարդ:


Իր պատմության ողջ ընթացքում «ջիջի» ընկերությունը ակտիվորեն աջակցում է ազգային, կրթական, տեխնոլոգիական, բարեգործական տարբեր նախագծերի: 


«ջիջի»-ն կանգնած է նաև Արցախի հայության կողքին: Արցախի լիարժեք շրջափակման բոլոր օրերին Խաչատուր Գրիգորյանը եղել է Արցախում դժվարագույն պայմաններում շարունակելով աշխատել, իսկ անցնող ամիսներին Արցախից տեղահանված շատ հայերի համար հենց «ջիջի»- ն է ապահովել աշխատանք և օժանդակություն:


«ջիջի» ընկերությունը, չնայած հարուցված ապօրինի խոչընդոտներին, իրականացրել է անհրաժեշտ գործողությունները և շարունակում է բնականոն աշխատանքը սպասարկելով մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին:


Խաչատուր Գրիգորյանը և «ջիջի» թիմը հաստատակամ են շարունակել արարել արժանապատիվ Հայրենիքում` Մեծ Հայքում՝ մշտապես հավատարիմ մնալով այն արժեքներին ու սկզբունքներին, որոնք դարձել են բրենդի անբաժանելի մասը։


Սիրով՝ ջիջիԹիմ»:


Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ GG ընկերության գրասենյակներում Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում:

Քաղաքականություն