Փաշինյանը հեղեղից տուժած քաղաքացիներին փոխհատուցելու բանաձև է առաջարկել

Ոչ թե պետք է հաշվի առնել, թե քանի սեղան–աթոռ կար հեղեղից տուժած տանը, այլ թե քանի քառակուսի մետր է այն։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ հեղեղից տուժած քաղաքացիներին փոխհատուցելու իր բանաձևն առաջարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Ըստ նրա` խոսքը բացառապես վերաբերում է օրինական գրանցված բնակարաններին, որոնք վնասվել են ջրհեղեղից։


«Մենք չենք կարող գնալ ու հարցնել, թե բնակարանում քանի՞ աթոռ ու սեղան է եղել, հեռուստացույցը «Պանասոնի՞կ» է եղել, թե «Տոշիբա», կամ` հեռուստացույցը 3000 դրամ արժե՞ր, թե 3 մլն դրամ։ Դա մեզ չի հետաքրքրվում. մենք կոնկրետ բանաձևով պետք է առաջնորդվենք, թե քանի քառակուսի մետր է տվյալ տուժած բնակչի բնակարանը։ Ասենք` 1 քառակուսի մետրի համար փոխհատուցում ենք այսքան, որի մեջ մտնում է ամեն ինչ։ Օրինակ` կես կատակ, կես լուրջ ասում են, թե մի տեղից 10 կգ ոսկի քշել, տարել է հեղեղը։ Կներեք, նույնիսկ, եթե այդպես է, մենք որևէ կերպ չենք կարող այդ հարցում օգտակար լինել, քանի որ ոսկին նախ պետք չէր գարաժում պահել ու հետո` այդ ոսկու ձեռքբերման և դրա հարկային հետագիծը երևո՞ւմ է, թե՞ ոչ»,– հայտարարեց Փաշինյանը։


Վարչապետն անդրադարձավ նաև վնասված կամուրջների խնդրին` նշելով, որ լուծումը ժամանակավոր կամուրջների կառուցումն է, սակայն երկարաժամկետ հատվածում հաճելին օգտակարի հետ պետք է համատեղել։


«Կամուրջները պետք է նախագծվեն և ինժեներական, և գեղագիտական առումներով, որպեսզի նաև որպես տեսարժան վայր դրանք ներգրավվեն զբոսաշրջային ծրագրերի մեջ։ Այստեղ կրկին պետք է հիշեցնեմ Սանահինի կամուրջը, որը դարեր շարունակ բազմաթիվ ջրհեղեղներ է տեսել, սակայն և կանգուն է մնացել, և պահպանել իր գեղագիտական տեսքը։ Մենք, այնուամենայնիվ, էսթետիկային մեծ ուշադրություն պետք է դարձնենք»,– նշեց Փաշինյանը։


Նրա համար կարևոր ձեռքբերում էր այն, որ նոր կառուցված կամուրջները չեն վնասել հեղեղից, սակայն մյուս կողմից` կամուրջն ինչքան նոր է, այնքան գեղագիտական տեսքից զուրկ։


Հիշեցնենք՝ մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով Դեբեդ (Ալավերդու, Ախթալայի շրջաններում և Վրաստանի հետ սահմանին) և Աղստև (Իջևանի շրջանում) գետերը դուրս են եկել ափերից: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ, մի քանի հարյուր մարդ տարհանվել է, ճանապարհների և ենթակառուցվածքների զգալի ավերածություններ կան:

Քաղաքականություն