Սիդնեյում անհայտ անձը կոտրել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսության ապակիները

Անհայտ անձը կոտրել է Սիդնեյում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության ապակիները եւ կարմիր ներկ քսել դռներին։ Այս մասին տեղեկացրել են Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունում։


Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի գիշեր։ Սկզբում տղամարդը «մի քանի անգամ փորձել է կոտրել ապակիները, բայց կարողացել է միայն ճեղքեր առաջացնել զրահապատ ապակիների վրա»։ Ավելի ուշ դռներին հայտնվել են գլխիվայր նկարված կարմիր եռանկյունիներ, խորհրդանիշը, ըստ ոստիկանության, օգտագործվում է պաղեստինամետ կազմակերպությունների կողմից։


Ոստիկանությունում նաեւ նշել են, որ փորձագետները ապակիներից վերցրել են մատնահետքեր, որոնք կկցվեն հետաքննության նյութերին։ Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, եւ դիվանագիտական առաքելությունը շարունակում է աշխատանքը սովորական ռեժիմով։


Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն տեղի ունեցածը կապել է այն բանի հետ, որ «մարդիկ, հատկապես նրանք, ովքեր ազգականներ ունեն Իսրայելում կամ զավթված պաղեստինյան տարածքներում, մտահոգված են մերձավորարեւելյան իրադարձություններից»։ Նրա խոսքով՝ այդ միջոցները «ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղության ձեռքբերմանը եւ, իհարկե, հանցագործություն են»։


ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը Սիդնեյում արդեն ենթարկվել է հարձակման 2024թ. ապրիլին։ Այն ժամանակ անհայտ անձինք «Ազատություն Պաղեստինին» կարգախոսներ էին գրել շենքի ճակատին եւ պատուհաններին կարմիր ներկ էին լցրել։ Մայիսին նման հարձակում է կատարվել Մելբուռնի ամերիկյան հյուպատոսության վրա։