«Մեր թիրախը տարվա համար շատ ամբիցիոզ է». Գևորգ Պապոյան

2024թ․ առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 9,2 տոկոս։ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս ցուցանիշը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


«Մեր թիրախը տարվա համար շատ ամբիցիոզ է՝ 7 տոկոս տնտեսական աճ»,- հայտարարեց նախարարը։


Նա նշեց՝ դա այն դեպքում, երբ տարբեր կառույցների գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսական պոտենցիալը մոտ 5-5,5 տոկոս է, այսինքն՝ համարվում է, որ Հայաստանն այդքան տնտեսական աճ կարող է ունենալ, և դրանից ավելի պետք է վերագրել կա՛մ լրացուցիչ ջանքերի, գիտելիքների, կա՛մ այլ մակրոտնտեսական ազդեցությունների։


Նախարարի խոսքով՝ կան միջազգային բազմաթիվ գործընկերներ, որոնք կարծում են, որ կունենանք ավելի բարձր տնտեսական աճ՝ 6- 6,5 տոկոս։


«Չնայած դրան՝ մենք մեր պոտենցիալից ավելի բարձր տնտեսական աճ ենք թիրախավորել։ Մենք ամեն օր աշխատում ենք հենց այդ 7 տոկոս տնտեսական աճի ուղղությամբ»,- ասաց Պապոյանը։

Քաղաքականություն