Վերանայեք Ձեր գնային քաղաքականությունը․ Ծաղկաձորի համայնքապետարանը՝ Գարիկ Պապոյանին

Ծաղկաձորի համայնքապետարանն արձագանքել է Գարիկ Պապոյանիn: Նշենք, որ երեկ երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ նշում էր, որ «Coma club»-ը չի բացվի, որովհետև Ծաղկաձորի քաղաքապետարանն անհավանական վատություն արեց մի թիմի, որը եկել էր իրենց քաղաքին օգուտ տալու։ Պապոյանը նշում էր՝ «Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ այսքան պատրաստության, այսքան ոգևորվածության ու այսքան աշխատանքներից հետո «Coma club»-ը չի բացվի, որովհետև Ծաղկաձորում Տեղական ինքնակառավարման մարմինները որոշել են, որ ճանապարհները քանդելու ճիշտ ժամանակը Ծաղկաձորի տուրիստական սեզոնն է:  


«Coma club»-ը ունի տասնյակ աշխատողներ՝ ամեն մեկը 3-4 հոգանոց ընտանիքի մատակարարներ, ու այն, ինչը որ քաղաքապետարանն արեց բացումից օրեր առաջ, չանելով դա գարնան պասիվ շրջանում, ես համարում եմ կուրորտային տարածաշրջանի կառավարման նրբություններին տոտալ չտիրապետել: Սա մեր համար հսկայական ներդրում էր՝ լավ մարդկանց ու տաղանդավոր արտիստների հսկայական հոսք դեպի Ծաղկաձոր քաղաք, բայց մենք խոստացված ասֆալտապատման փոխարեն բացվելուց օրեր առաջ ունենք այս պատասխանը: Անհավանական վատություն արեցին մի ամբողջ թիմի, ովքեր իրենց քաղաքից եկել էին Ծաղկաձորին օգուտ տալու»:


Ծաղկաձորի համայնքապետարանն արձագանքել է Գարիկ Պապոյանի տեսանյութին և գրել.


«Հարգելի՛ Գարիկ Պապոյան

Ծաղկաձոր համայնքում իրականացվում են սուբվենցիոն և համայնքային ներդրումային ծրագրերի շրջանակներում լայնածավալ աշխատանքներ: Աշխատանքները իրականացվում են ըստ նախագծերի և ըստ եղանակային պայմանների:նՀամայնքում կատարվող բոլոր աշխատանքները միտված են համայնքի բնակիչների և հյուրերի բարեկեցիկ կյանքի և հարմարավետ տեղաշարժման կազմակերպմանը, այլ ոչ թէ խոչընդոտ հանդիսանալու որևէ տնտեսվարողի համար:


Այցելուներ չունենալու պատճառը մի փնտրեք Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատանքային գործընթացների մեջ, այլ վերանայեք Ձեր գնային քաղաքականությունը:


Տվյալ թաղամասը երբևէ կոյուղագիծ չի ունեցել և ամբողջ կոյուղին լցվում էր հարակից գետը և վնասակար ազդեցություն թողնում շրջակա միջավայրի վրա: Հիշեցնենք, որ Ձեր շինության կոմունիկացիաները անցկացնելու ընթացքում դուք ևս վնաս եք հասցրել և անանցանելի դարձրել տվյալ ճանապարհը: Կոյուղագծերի աշխատանքների ավարտվից հետո անմիջապես կսկսվեն ճանապահի հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքները:


Հավելենք, որ տվյալ աշխատանքները կատարվում են ոչ թէ ընտրյալ 30-40 հոգու համար այլ մոտ 2 000 տեղաբնակների և տարեկան 100 000-ավոր այցելուների հետագա բարեկեցության և հարմարավետության համար»: