ԱՄՆ-ն և ԵՄ-ն կարող են պատժամիջոցներով պատասխանել օտարերկրյա գործակալների մասին Վրաստանի օրենքին
Մայիսի 28-ը կարող է շրջադարձային լինել Վրաստանի և Արևմուտքի հարաբերություններում: Այս օրը իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը նախատեսում է չեղարկել «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն։ Իշխանությունները չեն պատրաստվում զիջումների գնալ՝ չնայած եվրոպական մայրաքաղաքներից և Վաշինգտոնից հնչող ավելի կոշտ նախազգուշացումներին։
Վրաստանի արևմտյան գործընկերների դիրքորոշումը «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերաբերյալ կենտրոնացված ձևով ձևակերպվել է Սահմանադրական իրավունքի Վենետիկի հանձնաժողովի կողմից, որն ուսումնասիրել է փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի ղեկավարության հատուկ հանձնարարականներով։ Հանձնաժողովը Վրաստանի իշխանություններից պահանջել է, որպես «հրատապ իրավական միջոց», չեղյալ համարել ավելի վաղ երեք ընթերցմամբ ընդունված օրենքը և չշրջանցել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն։ Ինքնին նման կոչը գրեթե նախադեպեր չունի Վենետիկի հանձնաժողովի պրակտիկայում, որը ձևավորվել է Եվրոպայի Խորհրդին կից 1990 թվականին:
ՎՀ–ի եզրակացության մեջ ասվում է, որ քննարկվող օրենքը «կվնասի Վրաստանում բազմակարծությանը և ժողովրդավարությանը», մասնավորապես, այն կխախտի քաղաքացիների՝ հավաքների և արտահայտվելու ազատության, հաղորդակցության և անձնական կյանքի, ինչպես նաև հասարակական և քաղաքացիական իրավունքները: Արդյունքում նախաձեռնությունը, ինչպես նշեցին հանձնաժողովի անդամները, պայմաններ կստեղծի քաղաքացիների նկատմամբ խտրականության համար։
Բացի այդ, ՎՀ-ն նշում է, որ օրինագծի քննարկումը «ընթացել է ոչ ժողովրդավարական կարգով»։ Խոսքը վերաբերում է ընդդիմադիր պատգամավորներին խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճներից կամ իրավական հարցերի հանձնաժողովում լսումներից հեռացնելու դեպքերին։
ՎՀ-ի քսան էջանոց եզրակացության մեջ մեծ ուշադրություն է դարձվում «հանրային բողոքին»՝ օրենքի դեմ ցույցերին և հանրահավաքներին, ինչպես նաև ոստիկանության և ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ դաժան բախումներին:
ՎՀ-ի եզրակացության հրապարակումից գրեթե անմիջապես հետո Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կոչ արեց վրացական իշխանություններին օրենքը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին։ Սա, ըստ էության, նշանակում էր փաստաթուղթը չեղյալ համարելու պահանջ, քանի որ այն արդեն ընդունվել էր երեք ընթերցմամբ, և իրավաբանորեն անհնար էր դրանում որևէ փոփոխություն կատարել։
Ավելի վաղ Թբիլիսիին նմանատիպ կոչեր էին արել, ի թիվս այլոց, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Հարցը կարող է չսահմանափակվել միայն խոսքերով։ Ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնը օրինագիծ է պատրաստել «Վրացական երազանքի» պատգամավորների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Բացի այդ, հնարավոր է, որ մայիսի 27-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները Եվրահանձնաժողովին հանձնարարական տան վիզային և ֆինանսական պատժամիջոցներ մտցնել սկանդալային օրենքը մշակողների և ընդունողների նկատմամբ։ Տարբերակներից են նաև Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի կասեցումը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցով Վրաստանում տարբեր նախագծերի ֆինանսավորման դադարեցումը։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերից Վրաստանն ուներ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հա...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...