ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բերքաբերում ոստիկանական զորքներ են բերել, ականազերծման ակտիվ աշխատանքներ են ընթանում․ Դանիելյան

Բերքաբերում ոստիկանական զորքներ են բերել, իմ տեղեկություններով, ականազերծման ակտիվ աշխատանքներ են ընթանում: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Կիրանցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:


«Հիմա ականները հանում ենք, որ ի՞նչ անենք, թուրքին բերենք ստեղ ցեղասպանություն անի՞: Ադրբեջանը մի հատ ական հանե՞լ ա իրա սահմանից, չի հանել: Իրա սահմանի բոլոր ականներն ու պաշտպանական գծերը կան, սա սահմանազատում, սահմանագծում չի: Մեր զինվորը կամ ականազերծողը, հատուկ նշանակության ստորաբաժանումներն ու ռազմական ոստիկանությունը կարո՞ղ են անցնել Ադրբեջանում տենց բաներ անել: Իսկ սրանք ստեղ իրանց տեր են զգում արդեն: Իրանք զիջում չեն անում, քայլ քայլ առաջ են ուզում գան»,-ասաց պատգամավորը:


«Իշխանություններն ամեն կերպ դրան նպաստում են, բացառված չէ, որ եկեղեցու մոտ հասած զինվորը վաղը մտնի և դիվերսիոն գործողություն անի, ահաբեկի, գողություն անի, ինչ ուզի կանի: Պաշտպանական գիծ չկա, ական չկա, մի հատ փշալար կա»,-հավելեց Գառնիկ Դանիելյանը:


Նրա խոսքով, խնդիրն այն է, որ իշխանությունները ոստիկանական մեծաթիվ ուժերով ժողովրդին պահում են, որ տեղյակ չլինեն, թե ի՞նչ է կատարվում: Նա հիշեց, որ մի քանի օր առաջ, երբ առանց համարանիշների մեքենան Կիրանցի կողքի ճանապարհով փորձում էր անցնել, գյուղացիները հետաքրքրվում էին, թե ի՞նչ մեքենա է, ոստիկանական ուժեր եկան և ուժի կիրառմամբ փորձում էին բացել ճանապարհը:


«Ծեծեցին, ջարդեցին մանկահասակ երեխաներին, կանանց, ծերերին: Մի քանի հոգու մեքենայից հանեցին, չգիտենք՝ ի՞նչ մարդիկ են: Մեկն ասում ա՝ թուրք են, մեկն ասում ա՝ բարձրաստիճան պաշտոնյաներ են: Ցանկացած պարագայում, ժողովուրդը որևէ տեղեկություն չունի, մարդկանց խաբել են, բերել հասցրել մի կետի, երբ չգիտեն, թե կես ժամ հետո ինչ է կատարվելու: Մարդիկ մտածում են, որ էլի ոստիկանների բերելու են իրենց ծեծեն, ջարդեն, թուքրին ու ադրբեջանցուն էլ բերեն գյուղում կանգնացնեն»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:

Քաղաքականություն

Պատահարներ