Իսրայելի ԱԳՆ-ն կոչ է անում «ցավոտ պատժամիջոցներ» սահմանել Իրանի նկատմամբ

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել «ցավոտ պատժամիջոցներ» սահմանել Իրանի նկատմամբ, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Իրանի կողմից բալիստիկ հրթիռներով, թեւավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով Իսրայելի վրա հարձակումից հետո Իրանի դեմ պետք է կիրառվեն ցավոտ պատժամիջոցներ։


«Իրանը պետք է վճարի իր ագրեսիայի գինը, և այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որն իրականացրել է այս լայնածավալ ահաբեկչությունն Իսրայելի դեմ, որպես ահաբեկչական կազմակերպության անհապաղ ճանաչումը»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։


Հիշեցնենք,որ Իրանը շաբաթ գիշերն իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:


Իրանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները 3 օր առաջ զգուշացրել են հարևան պետություններին Իսրայելի վրա առաջիկա հարձակման մասին։

Քաղաքականություն

Պատահարներ