Իրանը համաշխարհային խնդիր է․ Գանց

Ռազմական կաբինետի նիստից առաջ նախարար Բենի Գանցը քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում ներկայացրել է իր դիրքորոշումը իրանական հարձակման և այդ հարձակմանը իսրայելական արձագանքի վերաբերյալ: Վերջին տասնամյակում առաջին անգամ իսրայելցի քաղաքական գործիչը չի սպառնացել «ինքնուրույն ոչնչացնել բոլոր թշնամիներին, անկախ նրանից, թե ինչ է ասում աշխարհը», այլ կառուցել ազգային անվտանգության նոր ռազմավարություն՝ հիմնված ԱՄՆ-ի հովանու ներքո Իրանի դեմ միջազգային կոալիցիայի վրա: Հայտնում է news.israelinfo-ն։


Այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ից ի վեր ԱՄՆ-ն երկրորդ անգամ ապացուցեց իսրայելացիներին լուրջ սպառնալիքից պաշտպանելու իր պատրաստակամությունն ու կարողությունը, «Պետականների ճամբարի» առաջնորդը համարձակություն հավաքեց և հորդորեց իր համաքաղաքացիներին ընդունել Ազգային անվտանգության հայեցակարգը, որն Իսրայելին առաջարկում է Բայդենի վարչակազմը:


«Իրանը հարձակվեց Իսրայելի վրա և բախվեց Իսրայելի անվտանգության համակարգի հզորությանը: Իրանը համաշխարհային խնդիր է, տարածաշրջանային մարտահրավեր և նաև սպառնալիք Իսրայելի համար։ Եվ երեկ աշխարհը հստակ և միաձայն ոտքի կանգնեց՝ պաշտպանելու Իսրայելն այս սպառնալիքից։ Իսրայելն ընդդեմ Իրանի, աշխարհն ընդդեմ Իրանի. սա է արդյունքը։ Եվ սա ռազմավարական ձեռքբերում է, որը պետք է զարգացնել և ամրապնդել հանուն Իսրայելի անվտանգության»,- ասել է Գանցը։


«Այս իրադարձությունը դեռ ավարտված չէ: Մեր կառուցած ռազմավարական դաշինքն ու համագործակցությունը լուրջ փորձություն է անցել, և մենք պետք է այն ուժեղացնենք հիմա: Իսրայելը երեկ ապացուցեց, որ տեխնոլոգիական հզորության ամրոց է և անվտանգության պատվար Մերձավոր Արևելքում: Մենք ստեղծել ենք միջազգային կոալիցիա ընդդեմ Իրանի, և մենք կորոշենք, թե երբ և ինչպես պատասխանենք Իրանին»,- ասել է քաղաքական գործիչը։


Գանցն ընդգծել է, որ Իսրայելը դեռ չի հասել ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում իր գլխավոր նպատակներին՝ այդ նպատակներն անվանելով պատանդների վերադարձն ու հյուսիսի տարհանված բնակիչների վերադարձն իրենց տներ:


Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը կառավարությանը կոչ է արել մի կողմ դնել Իրանին ռազմական պատասխանի համաչափության եւ կշռադատվածության վերաբերյալ բոլոր ռացիոնալ նկատառումները եւ «վերականգնել զսպող ուժը»՝ առանց հետեւանքներին հաշվի առնելու: