ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ հայտնի է՝ ինչ են քննարկել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ հեռախոսազրույցում վճռականորեն դատապարտել է Իսրայելի հարվածը Սիրիայում իրանական հյուպատոսությանը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։


«Հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վրա։ Ռուսական կողմից կրկին շեշտվել է ապրիլի 1-ին Դամասկոսում իրանական հյուպատոսական ներկայացուցչության ուղղությամբ իրականացված իսրայելական ավիահարվածի վճռական դատապարտումը: Շեշտված է, որ դիվանագիտական եւ հյուպատոսական օբյեկտների նկատմամբ ցանկացած ոտնձգություն, որոնց անձեռնմխելիությունը երաշխավորվում է Վիեննայի համապատասխան կոնվենցիաներով, կտրականապես անընդունելի է, ինչպես նաեւ քաղաքական սպանությունները», - հայտնել են դիվանագիտական գերատեսչությունում:


Նախարարները նաեւ հաստատել են «միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համակարգման բարձր մակարդակի պահպանման փոխադարձ տրամադրվածությունը»:


«Ընդգծվել է երկու կողմերի շահագրգռվածությունը քաղաքական-դիվանագիտական համագործակցության, ինչպես նաեւ առեւտրատնտեսական փոխգործակցության հետեւողական ընդլայնման հարցում, այդ թվում՝ տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում, ներառյալ՝ տարանցիկ փոխադրումները»,-հավելել են ՌԴ ԱԳՆ - ում:

Քաղաքականություն

Պատահարներ