ԱՄՆ–ն մտադիր է իր քաղաքացիներին արգելել օգտվել «Կասպերսկու լաբորատորիայից»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է հրաման արձակել, որն արգելում է ԱՄՆ մասնավոր ընկերություններին և քաղաքացիներին օգտագործել «Կասպերսկու լաբորատորիայի» ստեղծած ծրագրակազմը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ հինգ պաշտոնյաների։ Նրանց կարծիքով՝ արգելքը հիմնավորված է «ազգային անվտանգության նկատառումներով»։


2017 թվականին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը արգելեց «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործումը դաշնային իշխանությունների կողմից՝ ռուսական հետախուզական ծառայությունների հետ ընկերության կապերի կասկածանքով, սակայն այդ միջոցը չի տարածվում անհատների և ընկերությունների վրա: Ինչպես հայտնում է CNN-ը, նոր արգելքը կհրապարակի ԱՄՆ Առևտրի նախարարությունը։


CNN-ի աղբյուրները նշել են, որ հրամանը վերջնական տեսքի է բերվում, սակայն որոշումը կարող է հրապարակվել այս ամիս։ «Կասպերսկու լաբորատորիայի» որոշ ապրանքներ և ծառայություններ կարող են այլևս հասանելի չլինել Միացյալ Նահանգներում: Հեռուստաալիքի զրուցակիցները խոստովանել են, որ արգելքը կարող է տարածվել հակավիրուսային ծրագրերի վրա։ Այսպիսով, Սպիտակ տունը մտադիր է նվազեցնել ԱՄՆ-ի կարևորագույն ենթակառուցվածքների ռիսկերը, գրում է CNN-ը։


Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները կարծում են, թե ռուսական իշխանությունները կարող են օգտագործել «Կասպերսկու լաբորատորիա»-ի տվյալները՝  ամերիկյան ընկերություններին և քաղաքացիներին լրտեսելու կամ նրանց տվյալներին հասանելիություն ստանալու համար: Ընկերությունը 2017-ին հայտարարեց, որ հիասթափված է ԱՄՆ-ի արգելքից, քանի որ իշխանությունները չեն ներկայացրել ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապերի ապացույցներ, և մեղադրանքները հիմնված են կեղծ մեղադրանքների վրա:

Քաղաքականություն