ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համաձայնագիր է ստորագրվել
Հայաստանը ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության՝ «Եվրաջասթ»-ի հետ համաձայնագիր ստորագրեց։
Բրյուսելում «Արմենպրեսի» թղթակցի փոխանցմամբ՝ համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդիեր Ռեյներսը և Բելգիայի արդարադատության և Հյուսիսային ծովի հարցերով նախարար Փոլֆան Թիխելտը։
Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված այս համագործակցության համաձայնագրի շնորհիվ ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինները և ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունը կկարողանան աշխատել միասին։
Բելգիայի արդարադատության և Հյուսիսային ծովի հարցերով նախարար Փոլֆան Թիխելտի խոսքով՝ այս համաձայնագիրը Եվրոպական միության և Հայաստանի միջև ամուր հիմք կստեղծի։
«Համաձայնագիրը հատկապես կարևոր է Բելգիայի նախագահության համար, քանի որ Եվրոպական միության և երրորդ երկրների միջև դատական համագործակցությունը մեզ համար առանցքային առաջնահերթություն է», - նշել է բելգիացի նախարարը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում շեշտեց, որ Հայաստանն ի սկզբանե հետաքրքրված է եղել այս համագործակցությամբ, առաջին երկիրն է եղել, որ սկսել է բանակցությունները: Նա փաստեց, որ առաջին երկիրն է, որ ստորագրում է համագործակցության համաձայնագիրը։
«Մենք սերտ համագործակցություն ունեցել ենք «Եվրաջասթ»-ի, «Եվրոպոլ»-ի հետ՝ նույնիսկ առանց համաձայնագրի, բայց այժմ այս համաձայնագիրը գալիս է ամրապնդելու և համագործակցությունը ինստիտուցիոնալ դարձնելու: Այս համաձայնագրի ստորագրմամբ մենք նաև մեկ քայլ մոտենում ենք Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական իրականացմանը: Սա դռներ է բացում փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նոր հնարավորությունների համար», - ասլ է Արարատ Միրզոյանը։
Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատարն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ սա կարևոր անկյունաքար է ԵՄ-Հայաստան հարաբերություններում։
«Ներկայացնելով «Եվրոպոլ»-ի հանցավոր ցանցերի մասին զեկույցը՝ պարզ է դառնում, որ սա հնարավորություն է տալիս իսկապես ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ դատական մակարդակով և ապահովել, որ 80 երկրների հետ ոչ միայն Եվրոպայում, այլև դրանից դուրս մենք կարողանանք ինտեգրված աշխատել։ Մեզ համար կարևորն այն է, որ այժմ Հայաստանը հնարավորություն ունի ունենալ ներկայացուցիչ Եվրաջասթի շրջանակներում, որը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում մասնակցել համատեղ քննչական խմբերին», - կարևորել է Դիդիեր Ռեյներսը։
Նրա խոսքով՝ հաճախ դժվար է լինում հասնել արդարադատության, դատապարտելու կամ չդատապարտելու վերաբերյալ որոշում կայացնել:
«Հայաստանի այս մասնակցությունն այժմ իսկապես հնարավորություն է տալիս լիովին ամրապնդել դատական համագործակցությունն ամեն առումով: Համաձայնագիր ունենալու փաստը իսկապես հնարավորություն կտա մասնակցել մի շատ մեծ ցանցի և ամրապնդել ներկայությունը Եվրամիության հետ համագործակցության մեջ։ Կարծում եմ, որ նույնիսկ անդամ երկրներում, երբ մենք, օրինակ, համատեղ քննչական խմբեր ենք ստեղծում, դա մեզ թույլ է տալիս տեսնել, թե ինչպես են աշխատում մյուս տարբեր դերակատարները, և թե որքանով են արդյունավետ»,- ասել է հանձնակատարը։
ԵՄ Հանձնակատարը համոզված է՝ «Եվրաջասթ»-ին միանալու այս համաձայնագիրը լավ առիթ և խթան կլինի, որպեսզի Հայաստանում դատական համակարգի եվրոպական չափանիշներին համահունչ լինելու գործընթացն արագանա, ինչն արդեն ակնհայտ է անդամակցության թեկնածու երկրներում։
ԵՄ անդամ երկրների դատախազություններին վերապահված գործառույթները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց համարվող Եվրաջասթը բազմաթիվ այլ գործառույթների հետ մեկտեղ իրականացնում է հավաքագրված տվյալների փոխանակում ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ երրորդ երկրների իրավասու մարմինների միջեւ։
Համաձայնագրի շնորհիվ հնարավոր կլինի պայքարել կազմակերպված հանցագործությունների, փողերի լվացման, մարդկային և թմրանյութերի թրաֆիքինգի, կիբեր հանցագործությունների և ահաբեկչության դեմ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը ներկայացրել է՝ քանի անգամ է Փաշինյանը զգուշացվել պատերազմի վտանգի մասին
Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված վերջին այն հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Սամանթա Փաուերի հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սաման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան
Պատմական ու իրական Հայաստանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի ու Ադրբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշից․ սա չի երաշխավորում, որ Հայաստանի վրա հարձակում չի լինի. Փաշինյան
Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի ու Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատ...