Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ–ի տնօրենից միլիարդավոր դրամներ կբռնագանձվեն
Գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ–ի տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի ավելի քան 4 մլրդ դրամ կբռնագանձվի։ Այս մասին հայտնում է ՀՀ դատական իշխանությունը։
Ըստ հաղորդագրության` վճիռն այսօր կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը։
Հիշեցնենք, որ Մայրապետյանը մեղադրվում է փաստաթղթերը կեղծելու միջոցով խոշոր չափի հարկեր չվճարելու մեջ։ Մեղադրանքն առաջադրվել է դեռ 2020 թվականից։ Ըստ գործի նյութերի` փաստացի Մայրապետյանին պատկանող «Գլոբուս» ընկերությունը պայմանագիր է կնքել այն կապալառուի հետ, որը 2006 թվականին Տերյան 66 հասցեում կառուցել է 28650,6 քմ մակերեսով բնակելի շենք: Մայրապետյանը, ցանկանալով խուսափել հարկերի վճարումից, «Գլոբուս» ՍՊԸ–ի մասնակցությամբ կազմակերպել է տվյալ բնակելի շենքում 141 անշարժ գույքի առուվաճառքի գործընթաց, ընդ որում` շուկայականից ցածր գնով։