Բուհերը Ակադեմիական քաղաքի հետ կապված ասելիք չունեն. «ժողովուրդ»
«Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որը սահմանում է նաեւ Ակադեմիական քաղաքի գաղափարը, հասարակության կողմից հավանության չի արժանանում։ Ակադեմիական քաղաքի վերաբերյալ ցանկացած առաջխաղացում առանց աղմուկ հանող լուրերի չի անցնում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Դեռ նախորդ տարի՝ ամռանը, նախարարությունը ՀՀ պետական բուհերին եւ գիտահետազոտական կազմակերպություններին մինչեւ 2024 թվականի փետրվարի 15-ը ժամանակ էր տվել՝ հայեցակարգային առաջարկություններ ներկայացնելու ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Թերեւս ոչ մի բուհ հստակ առաջարկ կամ նախագիծ այդ մասով չի ներկայացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներով դիմել է ՀՀ պետական բուհեր՝ հասկանալու համար՝ ինչ վերաբերմունք կա Ակադեմիական քաղաքի վերաբերյալ, արդյոք բուհերի միավորումը նրանց համար օրակարգային է, թե ոչ։
Միայն երեք բուհից ստացանք պատասխան, որտեղ չկար հստակ ձեւակերպված որոշում։ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից ստացանք ռեկտորի կողմից համալսարանի ֆեյսբուքյան էջում արված հրապարակման հղումը, որտեղ ոչ փաստացի, բայց նախարարության ծրագրին հերքող արտահայտություններ կան. «Գտնում եմ, որ Կոնսերվատորիան այլ արվեստի բուհերի հետ միավորելն առաջ կբերի մի շարք նոր խնդիրներ:
Բոլոր ժամանակներում երաժշտական կրթության հարցը եղել է Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթությունների շարքում, եւ երաժշտարվեստը մշտապես պատվով է կատարել ազգային ինքնության ամենաներկայանալիներից մեկը լինելու իր առաքելությունը։ Այս պատմական պահին, երբ Հայաստանի պետականության պահպանումը բոլորիս գերնպատակն է, երաժշտական մշակույթի նշանակությունը տասնապատկվում է»:
Հաջորդ պատասխանը Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից ստացանք, որ դեռ քննարկումներ են տեղի ունենում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ, ինչպես նաեւ հրավիրվել է ընդլայնված կազմով Գիտական խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Ակադեմիական քաղաքի նախագիծը։ Վերոհիշյալ քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկներով կձեւավորվի բուհի տեսլականը։ Սեփական տեսլական չունի նաեւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը. «Երբ որոշում կկայացվի այն մասին, որ Երեւանում որեւէ բուհ չպետք է լինի, եւ եթե մենք ունենանք այդ առիթով ասելիք, անշուշտ որեւէ կաշկանդվածություն չենք ունենա այն արտահայտելու, այդ թվում՝ նաեւ Ձեր մատնանշած սահմանադրական հոդվածի համաձայն»:
Ակադեմիական քաղաքի գաղափարը մերժող համալսարանների պատասխաններից հետո ԵՊՀ-ն ուղարկեց հստակ որոշում. «Երեւանի պետական համալսարանը ներգրավված է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի մշակման աշխատանքներում: Առհասարակ, կրթական ու հետազոտական գործընթացները զարգացնելու համար մեզ անհրաժեշտ են համապատասխան միջավայր, քննարկումների ու վերլուծությունների հարթակներ, եւ այս տեսանկյունից Ակադեմիական քաղաքը կարող է լրացնել այդ բացն ու տալ որակական նոր տարածություն դուրս գալու հնարավորություն: Ինչ վերաբերում է բուհերի միջազգային հավատարմագրման գործընթացի վերաբերյալ հայտարարությանը, պետք է նշել, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 2024 թվականի մարտի 20-ին տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խոսել է թեմայի մասին՝ ըստ էության անդրադառնալով թե՛ վարչապետի հայտարարությանը, թե՛ հավատարմագրման գործընթացին»:
Հիշեցնենք նաեւ, որ օրերս, երբ Դավիթ Գյուրջինյանը ընտրվեց Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր, АrmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Բրյուսովը իր ուրույն տեղը կունենա բուհերի խոշորացման ծրագրում։ Ստացվում է, որ նախարարությունը հնարավորություն է տալիս բուհերին անել առաջարկ, սակայն գրեթե ոչ մի բուհ չունի ձեւավորված կարծիք եւ տեսլական Ակադեմիական քաղաքի նախագծի վերաբերյալ։ Ո՛չ հստակ այո կա, ո՛չ էլ հստակ ոչ։ Հենց ապակողմնորոշվածությունն էլ մեր կրթական ոլորտի իրական մոլախոտերից մեկն է»,– գրում է օրաթերթը: