
Արցախի պաշտոնյաները հարկադրված տալիս են ձևակերպումներ, որոնք համահունչ չեն նրանց քաղաքական տեսակետներին․ Սահակյան

Բացառում եմ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության տված հարցազրույցներում ազատ կամարտահայտությունը, նրանք գտնվում են կյանքի իրական և անմիջական սպառնալիքների ներքո և հասկանալի է՝ հարկադրված են մասնակցում հարցազրույցների: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
«Այստեղ շատ կարևոր է պարզաբանել այն հարցը, թե արդյո՞ք ազատ կամարտահայտությամբ և իրենց ցանկություններով են նշված անձինք հարցազրույցներ են տալիս: Եթե ցանկությունը և նախաձեռնությունը դուրս չի գալիս այս պաշտոնյաներից, ապա գործ ունենք իրավունքների բազմաթիվ խախտումների հետ: Հասկանալի է, որ նրանք, դժվար թե, Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու ընթացքում, մեծ մղումներ, ցանկություններ և երազանքներ ունենային հարցազրույցներ տալու: Ես բացառում եմ ազատ կամարտահայտությունը, նրանք բոլորը գտնվում են կյանքի իրական և անմիջական սպառնալիքների ներքո և հասկանալի է՝ հարկադրված մասնակցում հարցազրույցների»,- նշեց նա։
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ մարդու իրավունքների տեսանկյունից գործ ունենք հարկադրանքի հետ, ինչը կարող է ունենալ նաև հոգեբանական դրսևորումներ․ «Երբ չկա սեփական ցանկությունը, բայց օգտագործում են անձի պատկերը, ձայնը, շարժուձևը, միջամտում են նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին, դա խախտում է: Եվ երրորդը՝ այս պաշտոնյաները հարկադրված տալիս են ձևակերպումներ, որոնք համահունչ չեն նրանց մտքին, խղճին և տեսակետներին, այդ թվում, քաղաքական: Գոնե գործունեության տեսանկյունից, մենք գիտենք, որ նրանք գործել են ի շահ Արցախի ինքնորոշման ճանաչման և վստահ եմ, որ հարցազրույցներում հնչելու են այլ տեսակետեր: Այստեղ մենք նաև խոսքի ազատության իրավունքի խախտումների հետ ենք բախվում, քանի որ իրենց համոզմունքին և գաղափարախոսությանը դեմ տեսակետներ են հարկադրված արտահայտելու»։
Նա շեշտեց, որ նրանց կամքը սահմանափակված է, և հարկադրանքի միջոցով նրանք մասնակցություն են ունենում այդ հարցազրույցներին․ «Այստեղ հստակ խոսքի ազատության իրավունքի խախտում կա: Երբ անձը չի ցանկանում որևէ տեսակետ արտահայտել, բայց նրան պարտադրում են, ապա անխուսափելիորեն, խոսքի ազատության իրավունքի և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտումներ կան, բայց ամենաէականն այն է, որ այս խախտումները հետևանք են անմարդկային վերաբերմունքի, հարկադրանքի, ճնշումների, որոնք կարող են ունենալ հոգեբանական դրսևորումներ: Եվ կարող եմ ասել, մեր փորձից ելնելով, որ նման բազմաթիվ փաստաթղթավորված դեպքեր ունենք, երբ օրինակ հարցազրույցից առաջ անձի վրա վառելիք են լցրել և լուցկին ձեռքում պահած սպառնացել են, որ կայրեն, եթե նշված խոսքերը անձը չարտաբերի: Եվ նման միջոցների դիմել են անմեղ առևանգնված քաղաքացիական անձանց, զինվորականների, ռազմագերիների, նույնիսկ խոցելի խմբերում գտնվող անձանց նկատմամբ»։
Հարցին՝ այս դեպքում ի՞նչ պետք է անի Հայաստանը, Սահակյանն ասաց․ «Այստեղ իրավական գործընթացի մասով պետք է լրացվեն գանգատները և իրավունքի խախտումների այս նոր դրսևորումները արտացոլվեն գանգատներում: Եվ իհարկե, Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները հնարավոր չէ կանխել կամ բացառել: Միակ իրական աջակցությունը նրանց ազատ արձակմանը հասնելն է՝ ակտիվ դիվանագիտական և քաղաքական աշխատանքների միջոցով: Հայաստանը պետք է շատ ինտենսիվ գտնվի՝ քաղաքական, դիվանագիտական ճանապարհներով վերադարձը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովելու համար: Բայց այստեղ, անկեղծ ասած, զարգացումները և արդյունքները առանձնապես հուսադրող չեն»։