Իշխանությունը փորձում է սիրաշահել արցախցիներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՔՊ-ական պատգամավորները առանձին հանդիպումներ են սկսել բռնի տեղահանված արցախցիների հետ: Իշխանական առանձին պատգամավորներ պարբերաբար հանդիպումներ են ունենում վարչական այս կամ այն շրջանում բնակություն հաստատած արցախցիների հետ:
Լրատվականի տեղեկություններով՝ հանդիպումները նպատակ ունեն ստուգել արցախցիների տրամադրությունը, սիրաշահել նրանց, քանի որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ արցախահայերի վերաբերմունքը իրենց հայրենիքը հանձնած փաշինյանական իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ:
Ըստ էության, այս հանդիպումներն ավելի շատ, կարելի է ասել, ցուցադրական բնույթ են կրում՝ արցախցիներին ցույց տալու, թե մտահոգ են իրենց ճակատագրով:
Մինչդեռ, փաստ է, որ մինչ այսօր էլ տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրները չլուծված են մնում. տուն ու աշխատանք չունեն, փաստաթղթեր չունեն, իսկ համապատասխան կառույցները, խնդիրը լուծելու փոխարեն, իրար վրա են գցում արցախցիների դիմումները»: