ՍԱՏՄ-ն ստուգում է իրականացրել «Ջերմուկ գրուպ»-ում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ռուսաստանի Դաշնությունում արձանագրված ցավալի դեպքի հանգամանքների բացահայտմանը նպաստելու նպատակով, ստուգում է իրականացնել «Ջերմուկ» հանքային ջրի արտադրող «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ից:


«Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ արտադրվող սննդամթերքը նույնական է ըստ անվանման, տեսողական, զգայորոշման և վերլուծական մեթոդով։


Հստակեցվել է, որ արտադրական շինություններում չեն պահվում սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող ցանկացած նյութ և պարագա, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր, բացառությամբ արտադրական շինությունների և սարքավորումների ընթացիկ լվացման և ախտահանման համար անհրաժեշտ լվացող և ախտահանող միջոցների։


Ընդունվող հումքը համապատասխանել է դրա անվտանգության պահանջներին և ունեցել անվտանգությունը հավաստող փաստաթղթեր։


Սննդամթերքի արտադրության ընթացքում օգտագործվող պարենային (սննդային) հումքը և բաղադրիչները պահվել են այդ հումքի և բաղադրիչների փչանալը կանխարգելող և դրանց՝ աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում։


Ակնհայտ է դարձել, որ չի արտադրվում վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութեր:


Ներկայացվել են բոլոր հիմքերը, որոնք հիմնավորում են, որ «Ջերմուկ» հանքային ջրի արտադրության գործընթացների իրականացման ժամանակ, արտադրողի կողմից մշակվել, իրականացվում և պահպանվում են վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (НАССР — Hazard Analysis and Critical Control Points) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը։


Ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել»,- ասված է հաղորդագրությունում:

Քաղաքականություն